Բերձորում իր կառուցած տունը երեք տարի առաջ ադրեբեջանցիներին թողած Ռոմիկ Գրիգորյանը չի զարմանում, որ իր պատմությունը կարող է կրկնվել։ Ասում է՝ գյուղացիները գուցե թերահավատորեն են մոտենում հանձման թեմային, սակայն ինքը, որը մի անգամ դա տեսել է, պատրաստ է ամեն ինչի։

Ռոմիկի 9 հոգանոց ընտանիքը վարձով հաստատվել է գյուղի վերջին տներից մեկում։ Գյուղի ամենաբազմազավակ ընտանիքը հիմնականում անասնապահությամբ է փորձում հոգալ իր կարիքները։

Արցախում իր տունը կորցրած Ռոմիկն ասում է՝ այս անգամ ինքն իր տունը հակառակորդին չի զիջելու․ պայքարելու է մինչեւ վերջ։

65-ամյա Շահեն Կարապետյանը գյուղի հնաբնակներից է, կյանքի կեսն անցկացրել է Տիգրանաշենում։ Նա իրենց գյուղն անկլավ չի համարում, ասում է՝ այն միշտ հայկական է եղել։

«Ես իմ տեղում մնալու եմ, ոչ մի տեղ չեմ գնալու, բացառվում է»,-ասաց նա:

Փաշինյանի հայտարարությունը, որ  Տիգրանաշենն էլ Տավուշի յոթ գյուղերի հետ հանձնելու են Ադրբեջանին, լսել է,  բայց ամենավատ երազում էլ չի ուզում պատկերացնել Տիգրանաշենի հանձնումը։ Չի պատկերացնում ադրբեջանցիներին իրենց գյուղում, չի պատկերացնում իրարից կտրված հայկական գյուղերը։

«Ես վստահում եմ Նիկոլ Փաշինյանին, չի կարող պատահի, որ սա հանձնվի: Ես Նիկոլ Փաշինյանին ընդունում եմ, սիրում ու հարգում եմ, հավատում եմ իմ տղայի նման»,- ասում է բնակիչներից մեկը:

Չնայած Նիկոլ Փաշինյանը նախօրեին բաց տեքստով հայտարարեց, որ պատրաստ է Ադրբեջանին հանձնել նաեւ Տիգրանաշենը, գյուղի շատ բնակիչներ չեն հավատում, որ իշխանությունը կգնա նման քայլի։

Մայրաքաղաք Երեւանից 40 կմ հեռավորության վրա գտնվող Տիգրանաշենում մոտ 40 ընտանիք է ապրում՝ շուրջ 180 բնակչով։ Գյուղի միջնակարգ դպրոցում ուսանում է 19 երեխա։

Գյուղացիներին դեռես որեւէ պաշտոնյա չի այցելել, նրանց ճակատագրի հետ կապված որեւէ պարզաբանում չի տվել։ Տիգրանաշենի հանձնվելու դեպքում ինչպես է լուծվելու գյուղացիների վերաբնակեցման կամ իրարից կտրվող գյուղերի կոմունիկացիայի հարցը։

Համայնքապետը հրաժարվեց մեզ հետ զրուցել՝ պատճառաբանելով, որ գյուղ այցելելուց առաջ իր հետ նախապես չենք պայմանավորվել։