Ոստիկանությունում բարեփոխումների շրջանակներում այսօր մենք ունենք բավականին լուրջ դրական արձանագրումներ, բայց այդ գործընթացն անընդհատ է, լինելու են նոր կարգավորումներ, նոր տեխնիկական միջոցներ: Այս մասին այսօր՝ մայիսի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:

Դիտարկմանը, որ հասարակության մոտ մեծ ժգոհություն կա, մասնավորապես, կարմիրբերետավորներից, նա արձագանքեց. «Ովքեր են ներկայացնում այդ բողոքները, որոնք ցուցաբերել են օրինապահ վարքագի՞ծ: Արդյոք օրինապահ վարքագիծ ցույց տված անձը բողոքում է: Ձեր ներկայացրածով այնպես է, որ այն սոցհարցումները, որոնք իրականացվել են ոչ մեր կողմից, չեն համապատասխանում իրականությանը»:

Անդրադառնալով Եռաբլուրում կարմիրբերետավորների ու զոհված զինծառայողների ծնողների միջև տեղի ունեցած միջադեպին՝ Ֆիդանյանն ասաց, թե ոստիկանությունն իրականացնում է իր առջև օրենքով դրված գործառույթը:

Պաշտոնյայի խոսքով՝ բոլոր այն դեպքերում, երբ առկա է ոստիկանության կողմից լիազորությունների ակնհայտ գերազանցում, կատարվում են համապատասխան գործընթացներ, նախաձեռնվում են քրեական վարույթներ, նշանակվում են ծառայողական քննություններ:

«Մենք ունենք ծառայությունից ազատված ոստիկաններ, ունենք տարբեր իրավախախտումների համար պատասխանատվության ենթարկված աշխատակիցներ։ Եթե չեմ սխալվում` միայն 2022 թվականին 45 մարդ ազատվել է ծառայությունից», - նշեց Ֆիդանյանը։

Նա չի կարող ասել` Եռաբլուրի միջադեպով ոստիկանության ծառայողներից աշխատանքից ազատվածներ կա՞ն, թե ոչ: Միայն ասաց, թե 2022 թվականի ընթացքում ոստիկանությունից աշխատանքից ազատվել է 45 անձ. «Մանրամասան չեմ կարող հիշել, թե որ դեպքով ով է պատասխանատվության ենթարկվել»: