«Հայաքվե»-ում մինչեւ այս պահը ստացված ստորագրությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ ստորագրությունները կհավաքվեն մինչեւ սահմանված 60 օրը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» նախաձեռնող խմբի անդամ Արամ Պետրոսյանը։

«Ժամկետն ավարտի 60 օրացույցային օրն է՝ օգոստոսի 19-ը ներառյալ։ Ես վստահ եմ, որ մենք ավելի շուտ կավարտենք, համենայնդեպս՝ այս երեք-չորս օրը դա են ցույց տալիս։ Ակտիվությունը երկրորդ օրվանից սկսված չորսից հինգ անգամ շատացել է, զանգերը շատ են, պահանջում են, որ բոլոր համայնքներում սկսենք։ Այս պահին ստորագրահավաք ենք իրականացնում 24 համայնքում, հինգշաբթի եւս չորս համայնք կավելանա եւ այդպես շարունակ։ Արդյունքները կներկայացնենք յուրաքանչյուր շաբաթ օր։ Ես համոզված եմ, որ հասարակությունը դեմ է Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուն։ Թե 2018 թվականին իշխանությունը բռնազավթելիս, թե 2022 թվականին իշխանությունը ծրագրում նշվում էր, որ իրենք պետք է աշխատեն Արցախի անկախության համար»,- նշեց Պետրոսյանը։

Պետրոսյանի խոսքով՝ իշխանությունը խախտում է Սահմանադրության հոդվածների մեծ մասը, այդ թվում հիմնարար իրավունքերը սահմանողները։ Մինչեւ հիմա էլ ամեն կերպ խոչընդոտում են «Հայաքվե»-ի անցկացմանը։

«Կա երեք համայնք՝ Դիլիջան, Սպիտակ եւ Սիսիան, որոնք մեզ տարածք տրամադրելը մերժել են, երկուսի համար հաղորդում ենք ներկայացրել Գլխավոր դատախազություն, երրորդին էլ կներկայացնենք վաղը։ Քաղաքացիների պահանջով ստիպված ենք լինելու մեր միջոցներով ժողովրդին տեղափոխել, որ իրենք էլ մասնակցեն այդ ստորագրահավաքին, որովհետեւ համայնքից հեռու է, համայնքապետը կոպտորեն խախտում է քաղաքացիների սահմանադրական իրավունքը»,- ընդգծեց նա։

Ստորագրահավաքից հետո նախաձեռնությունը կամփոփի ստորագրությունները, կներկայացնի ԿԸՀ, եւ կդիմի ԱԺ 3 խմբակցություններին, որ հարցը ներառվի հաջորդ նստաշրջանի օրակարգ։

«Մինչեւ դեկտեմբեր կարող են քննարկել, մենք կխնդրենք, որ ավելի վաղ դա քննարկվի, եւ եթե ստացվի սեպտեմբերին։ Նախաձեռնության նպատակն է, որ հենց ժողովրդի միջոցով օրենքն ընդունվի, որն էլ հետո կկարողանա փոփոխվել իշխանափոխության միջոցով։ Մեզ համար կարեւոր է, որ ժողովրդի կողմից ընդունված հոդվածներ լինեն»,- ասաց Արամ Պետրոսյանը։