Դատական համակարգում հայտնվելս նաեւ կոչված է, որ փորձեմ խնդիրների մի մասը վերացնել: Այս մասին այսօր՝ հուլիսի 19-ին, Դատավորների ընդհանուր ժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Գեւորգ Գյոզալյանը:

«Դատական համակարգում առկա են բազմաթիվ խնդիրներ: Իմ՝ դատական համակարգում հայտնվելը նաեւ կոչված է որ ես փորձեմ այդ խնդիրների մի մասը այնպես անել, որ վերանա: Այո, դրանք բազմաթիվ են: Եվ այդ խնդիրներն այս ժողովի ընթացքում է լուծվում: Մեր խնդիրները մամուլի միջոցով չեն, որովհետեւ դատավորներն ունեն սահմանափակումներ: Ես իմ փաստաբանական գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ հանդես եմ եկել, այդ թվում՝ ԶԼՄ-ների միջոցով: Հիմա մեր խնդիրները լուծելու միակ հարթակը ընդհանուր ժողովն է»,- ասաց Գեւորգ Գյոզալյանը:

Հարցին, թե ինչո՞ւ լրագրողները հնարավորություն չունեն ժողովին ներկա գտնվելու, դատավորն արձագանքեց. «Այդ հարցը մտահոգիչ է ինձ համար: Յուրաքանչյուր անգամ ես միշտ կողմ եմ քվեարկել, որ դուք հնարավորություն ունենաք ներկա գտնվելու: Ես կարծում եմ՝ երկաթյա վարագույրը, որը կա դատական համակարգում, պետք է ուղղակի փոխարինվի մետաքսյա վարագույրով կամ վարագույն չլինի»:

Անդրադառնալով դատական համակարգի բարեփոխմանը՝ դատավորն ասաց, որ իր գնահատմամբ՝ պրոցեսը բավականին դանդաղ է ընթանում. «Բավականին խնդիրներ ունենք, որոնք պետք է լուծվեն: Դրանք, ցավոք, ես դանդաղ եմ տեսնում: Կոնկրետ գործերի վերաբերյալ ես հնարավորություն չունեմ գնահատականներ տալու: Պատճառները բազմաթիվ են, սկսած սուբյեկտիվ գործոններից, վերջացրած օբյեկտիվ գործոններով: Մի բառով չեմ կարող ասել: Ունենք օրենսդրական խնդիրներ, մենք անձերի խնդիրներ ունենք: Դատավորներն անարդարության վերաբերյալ միշտ պետք է բարձրաձայնեն»:

Այն դիտարկմանը, որ անարդարության վերաբերյալ բարձրաձայնեց դատավոր Դավիթ Հարությունյանը, ում լիազորությունները դադարեցրեց ԲԴԽ-ն, Գյոզալյանն ասաց. «Դուք ինձ տանում ենք կոնկրետ մի գործի վերաբերյալ»:

Հարցին՝ արդյո՞ք ինքը տեսնո՞ւմ է խնդիր, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը քննում է իր ընկերոջ՝ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից բերվող միջնորդությունները, դատավորն ասաց. «Դրանք պետք է կոնկրետ գործերով նայվի: Կարող են լինել գործեր, որ խնդիրներ են, կարող են լինել գործեր, որ այդ խնդիրները նշանակություն չունենան: Եթե դատավորը համոզված է, որ ինքը անաչառ է, ապա օրինակ՝ ես կբարձրաձայնեի, որ ես անաչառ եմ, բայց կասեի՝ եթե կողմերը տեսնում են անաչառության հետ կապված խնդիր, ապա թող ներկայացնեն ինքնաբացարկի միջնորդություն, ես կքննեմ»: