Հինգ տարվա ընթացքում իշխող ուժի որեւէ քաղաքապետ չի կարողացել լուծել մայրաքաղաքի հիմնական խնդիրները՝ ունենալով անհրաժեշտ բյուժե։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր նախագահ Երվանդ Թարվերդյանը։
«Մայրաքաղաքում խնդիրները բազմաթիվ են։ Կա մեկ միլիոն մարդ, կա մեկ միլիոն խնդիր, ուրեմն՝ պետք է լինի մեկ միլիոն լուծում։ Սկզբում ասում են՝ շինարարությունները պետք է կանոնակարգված լինեն, որ օդի աղտոտվածությունը թույլատրելի շեմը չանցնի, հետո միանգամից բոլորին շինթույլտվություններ են տալիս՝ նաեւ առանց մտածելու կոմունալ հարմարությունների մասին։ Եթե անգամ կառուցված շենքերը բնակեցվեն, կենտրոնի կոմունալ հնարավորությունները եւ կոյուղիները չեն կարող բոլորին սպասարկել։ Այս մարդիկ հինգ տարվա ընթացքում չկարողացան ձեւավորել քաղաքի զարգացման կոնցեպցիան, բայց բոլոր խնդիրները հնարավոր է լուծել»,- նշեց Թարվերդյանը։
Երվանդ Թարվերդյանը նկատում է՝ խցանումների պատճառը եւս քաղաքի վատ կառավարման հետեւանք է, ինչի ապացույցն այն է, որ թեեւ քաղաքում գործում են նոր ավտոբուսներ, սակայն խցանումները մնացել են նույնը։
«Նախընտրական շրջանում մենք ամբողջապես կներկայացնենք տրանսպորտի բարեփոխման մեր տեսլականը»,- ընդգծեց նա։











