Դրամի արժեւորումը բացասական ազդեցություն ունի արտահանման վրա որպես գործոն, բայց դուք գիտեք, որ մեր արտահանում/ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 62,6 տոկոսի, որը պատմական մաքսիմումն է, իսկ առեւտրային սալդոն նեղացել է մինչեւ ՀՆԱ-ի 1,6 տոկոսը, որը էլի պատմական մինիմումն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 1-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Սա ցույց է տալիս, որ Հայաստանը շատ մոտ է արդեն դրական առեւտրային սալդոյի անցնելուն: Հաջորդ շաբաթ կհրապարակվեն երկրորդ եռամսյակի թվերը եւ դուք գիտեք, որ զբոսաշրջիկների մեծ ներհոսք կա եւ մեծ է հավանականությունը, որ  մենք ավելի լավ թվեր կունենանք:

Այսինքն անկախ դրամի արժեւորման բացասական ազդեցությունից, մեզ մոտ արտահանման ոլորտն այնքան էլ վատ չի զգում իրեն: Բնականաբար, մենք ինտենսիվ աշխատում ենք մեր արտահանողների հետ, որ դիվերսիֆիկացնեն իրենց արտահանումը, որովհետեւ կախվածությունը միայն մեկ շուկայից բիզնեսի տեսանկյունից բավական վտանգավոր է»,-ընդգծեց նախարարը: