Բաքուն նպաստում է Երևանի և Մոսկվայի հարաբերությունների աճող լարվածությանը, հրահրելով և ստեղծելով նոր ճգնաժամեր, որոնց լուծման համար Հայաստանի գործիքները չափազանց սահմանափակ են։ Այս մասին սեպտեմբերի 8-ին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը։
«Դա, օրինակ, վերաբերում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը, որից հետո Հայաստանից սկսեցին կոչեր հնչել Ռուսաստանի հասցեին՝ ստանձնած պարտավորությունները կատարելու մասին։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ Հայաստանի գործողություններն այս հարցում սահմանափակ են»,- նշել է նա։
Միաժամանակ, Պետրոսյանը կարծում է, որ Ռուսաստանը հակառուսական տրամադրությունների աճից խուսափելու համար պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որոնք տեսանելի չեն։
Նրա խոսքով, Ռուսաստանի դեմ կտրուկ հայտարարություններ են հնչում նաև Ադրբեջանից, սակայն Մոսկվան նման դեպքերում նախընտրում է իրավիճակը լիցքաթափել ոչ հրապարակային խողովակներով։
Փորձագետը կոչ է արել զգույշ վարել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը փաստացի Հայաստանի միակ դաշնակիցն է։











