«Ապրելու երկիր» կուսակցությունը ներկայացնում է «Երևան-Բուլվարի» և «Ֆրանսիայի հրապարակի» մեգանախագծերը։

«Երևան Բուլվար» մեգանախագծով Կենտրոն վարչական շրջանի՝ հետիոտնին նախատեսված հատվածը վերադարձվելու է իրեն։ Մեգանախագծով առաջարկվում է գոյություն ունեցող հինգ կանաչ գոտիները՝ Երեւանի 2750-ամյակի այգին, Երեւանի 2800-ամյակի այգին, Ռուսաստանի հրապարակը, Մանկական այգին եւ Անգլիական այգին միավորել մեկ միասնական՝ Երևան բուլվարում, հարակից փողոցները դարձնել հետիոտնային, իսկ մեքենաների հոսքն ուղղորդել ստորգետնյա անցումներ։

Այս ամենի արդյունքում ձեւավորվելու է ուղիղ և անվտանգ կապ Հանրապետության Հրապարակից դեպի Ռուսաստանի Հրապարակ, ստեղծվելու են նաև լրացուցիչ ստորգետնյա կայանատեղիներ։

Իսկ «Ֆրանսիայի հրապարակի» նախագիծը հնարավորություն կտա Սարյանի և Կոնսերվատորիայի այգիները միացնել միմյանց, Սայաթ-Նովայի պողոտան անխոչընդոտ կշարունակվի դեպի Բաղրամյան պողոտա՝ առանց լուսացույցային կանգառի, իսկ Մաշտոցի պողոտան կունենա ևս մեկ ստորգետնյա թունել՝ ինչպիսին պողոտայի սկզբնամասում։