Դասագրքերի մի մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կլինի այս ամսվա ընթացքում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Դասարանների դասագրքերը ինչպես նախապես պլանավորված էր, եղել են դպրոցներում, իսկ այլ դասարաններում, քանի որ նոր չափորոշիչներ են եւ ամբողջությամբ փոխվել են ընթացակարգերը եւ մոտեցումները, որոշակի ժամանակ պահանջեց այդ աշխատանքը, բայց դրանց մի մասն էլ դպրոցներում է»,- նշեց նախարարը:

Հարցին՝ արդյո՞ք ինքը մտահոգություն չունի, որ այդպիսով աշակերտները կարող են ծրագրից հետ ընկնել, Անդրեասյանն ասաց.

«Ես չեմ կարծում, որ մենք ունենք լուրջ խնդիր, որովհետեւ նախ դասագրքերը էլեկտրոնային հասանելի են, ուսուցիչները իրազեկված են, եւ դպրոցները տեղեկացված են կրթության կազմակերպման մասին: Գրքերի մեծ մասն արդեն դպրոցներում է, մյուս մասն էլ կհասնի այս ամսվա ընթացքում եւ կարծում եմ՝ որեւէ լուրջ խնդիր չի առաջացնելու»:

Նախարարի խոսքով՝ ամբողջությամբ փոխվել են դասագրքերում առկա ընթացակարգերը, ինչն էլ, ըստ նրա, պահանջել է ժամանակ, եւ ասել, թե որեւէ մեկն իր գործը չի արել, սխալ է. «Մասնակիցները բոլորն էլ իրենց մասով աշխատանք են տարել: Մենք ունենք նոր խմբեր, որոնք հեղինակներ են գրում, կարծում եմ՝ տարիներ շարունակ ծնողները, աշակերտները, ուսուցիչները բողոքում էին դասագրքերից, հիմա ձեւավորված է լավ հնարավորություն, որպեսզի կարողանանք դպրոցներ մտցնել որակապես նոր դասագրքեր»:

Ժաննա Անդրեասյանն ընդգծեց, որ դասագրքերի ուշացումը նախարարության բացթողումը չէ.

«Այն մարդիկ, որոնք հետաքրքրված են գործընթացով, վերցնեն օրինակ՝ նախորդ տարվա տարված աշխատանքը եւ տեսնեն, թե ինչ տրամաբանությամբ եւ հաջորդականությամբ է եղել եւ մեզ հարցեր տային դրա արդյունքների մասին: Մենք տեսնում ենք, որ դասագրքերի տպագրության գինը շուրջ 50 տոկոս եւ ավելի նվազում է, որովհետեւ մենք դաշտը բացել ենք, ձեւավորվել է մրցակցային դաշտ, հայտնվել են ամբողջովին նոր խաղացողներ, որոնք մինչեւ այդ էլ կային, ես անձամբ եղել եմ բոլոր տպարաններում եւ խոսել եմ այդ մարդկանց հետ, կան մարդիկ, որոնք մեր երկրի խոշորագույն տպարաններն են ներկայացնում, սակայն նախկինում երբեւէ չեն մասնակցել դասագրքերի տպագրությանը, որովհետեւ եղել է որոշակի այլ տրամաբանություն, որ յուրաքանչյուրն ուներ իր կտորը եւ այդ կտորով էլ գործն անում էր»:

NEWS.am-ի լրագրողն ընթերցեց 5-րդ դասարանի Մաթեմատիկայի դասագրքում տեղ գտած հերոսների անվանուները՝ Ադի, Բուդի, Գուդի, Դուբի, Եգի եւ հարց ուղղեց՝ ինչո՞ւ են այդպիսի անուններ ընտրվել, նախարարը պարզաբանեց.

«Մոտեցումը, որ դասագիրքը պետք է դառնա երեխայի համար հնարավորինս պարզ ու մատչելի եւ մաթեմատիկան մեր ամենապրոբլեմատիկ առարկաներից է: Եթե նայեք մեր միասնական քննությունների արդյունքները, ամենացածր արդյունքները գրանցվում են մաթեմատիկայից: Մեր երեխաները մաթեմատիկան լավ չեն սովորում եւ պետք է գտնել ձեւերը, որ սիրեն ու հասկանան: Մաթեմատիկայի սովորեցնելու մոտեցումները պիտի փոխվեն: Ինչ վերաբերում է անվանումներին՝ ես որեւէ արտառոց բան չեմ տեսնում, որ մեր երեխաները ինչ-որ մի անունով կոչեն ընտանիքի անդամներին եւ իրենց միջոցով սովորեն առարկան: Այս նոր դասագրքերի մասին այս տարի ուսուցիչներից, աշակերտներից եւ ծնողներից հավաքելու ենք կարծիքներ եւ հետագա լրամշակումները կարվեն»: