Ժամը 08։00–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել և ՀՀ սահմանը հատել է 42 500 անձ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Նրա խոսքով, նրանցից 22 800-ը արդեն հաշվառվել է։ Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից:
Բաղդասարայնը տեղեկացրեց, որ Կոռնիձորի կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառվում են Գորիսի կամ Վայքի հումանիտար կենտրոններում, որից հետո միայն տեղի է ունենում տեղաբաշխումը։
«Շուրջ 4002 անձ օգտվել է պետության կողմից տրամադրված կացարաններից: Սա առաջնային օգնություն է, մեզ համար ներկա պահին գերնպատակ է ԼՂ-ի հայերին ապահովել որոշակի կացարանով, այնուհետև կտրամադրվեն բնակության այլ վայրեր:
Սա Հայաստան մուտք գործած արցախահայերի 10 տոկոսն է»,- ասաց ՀՀ վարչապետի խոսնակը։
Բռնի տեղահանված քաղաքացիների բաշխվածությունը՝ ըստ մարզերի․
- Սյունիք - 1465
- Վայոց ձոր - 810
- Գեղարքունիք - 976
- Տավուշ - 298
- Արմավիր - 200
- Արագածոտն - 30
- Շիրակ - 203
- Կոտայք - 20
«Մնացած քաղաքացիները ցանկացել են իրենց կեցության հարցերը ինքնուրույն կազմակերպել, բայց սա չի նշանակում, որ պետությունը հրաժարվում է հետագա հոգածությունից»,- ասաց վարչապետի խոսնակը։











