Մարտունու շրջանի Ճարտար քաղաքից բռնի տեղահանված Հայրապետյանների ընտանիքում սուգ է։ Բազմազավակ ընտանիքը կորցրել է զինվորական հորը՝ 38-ամյա Վանիկ Հայրապետյանին ու նրա պաշտպանած հայրենիքը։ «Ճարտարի հրամանատար», այսպես էին Արցախում ճանաչում 20 տարվա զինվորականին, որի սխրանքների մասին Ճարտարում խոսում էին բոլորը։ Վանիկի մարմինը թաղել են հայրենի Ճարտարում, իրենք ստիպված դուս եկել ու տեղափոխվել Հայաստան։ Հույսը չեն կորցնում, որ Կարմիր Խաչը կօգնի արտաշիրիմում իրականացնել եւ Վանիկի մարմինը տեղափոխել Հայաստան։ Մայրը NEWS.am-ին պատմում է, որ հասցրել է որդու գերեզմանից մի տոպրակ հող բերել իր հետ, որից ուզում է Եռաբլուրում որդու գերեզմանը սարքել։
«Եթե հնարավորություն լինի «Եռաբլուրում» որեւէ մի տեղ հատկացնեն երեխուս հողը դնեմ ու նկարը դնեմ, գնամ-գամ, կհաշվեմ, որ երեխաս մոտս է։ Գոնե մի ծաղիկ չկար որ երեխուս վրա դնեի։ Ոչ մի բան չեմ արել, ոչ ինքնահող եմ արել, ոչ յոթ եմ արել։ 3 րոպեով երեսը բացել ու փակել տարել են։ Որ պիտի յոթն անեինք, եկան ու ասեցին՝ պիտի դուրս գանք, չհասցրի երեխուս գերեզմանին գնամ, ուր գնամ որդուս հողը կտանեմ հետս»,- ասում է զոհվածի մայրը։
Տիկին Սիրվարդը 3 պատերազմ է անցկացրել՝ գիշեր–ցերեկ որդու համար աղոթելով․ 44-օրյա պատերազմում Վանիկը հրաշքով ողջ էր մնացել, վերջին՝ մեկօրյա պատերազմում հրաշք տեղի չունեցավ։ Վանիկը զոհվեց հարազատ Ճարտարը պաշտպանելիս։
Վանիկի այրին՝ Դոնարա Հայրապետյանը պատմում է, թե ինչպես է զոհվել ամուսինը․ «Որդուս ուղարկում էի, որ գնա տեսնի ինչ նորություն կա, որտեղ է, գալիս ասում էր՝ մամա, ոչ մեկ ոչինչ չի ասում, ամսի 20-ին ինքը ընկերոջն ուղարկում է, որ գա երեխեքին տնից հանի որովհետեւ ծանր հրետանին արդեն մեր կողքն էին բերել, մենք գնացինք Ճարտարի եկեղեցում մնացինք, բայց նրանից տեղեկություն չկար։ Որդուս՝ Արենին, նորից էի ուղարկում, բայց էլի լուր չկար, հետո նորածնիս տալիս են սկսեսուրիս ու գնում եմ, իմանամ՝ ինչ է կատարվում, ընկերներից ոչ մեկ ոչինչ չի ասում, հետ եմ գալիս, սկեսուրս էլ է գնում ու էլի նույն ձեւի։ Երեկոյան արդեն իմանում ենք լուրը։ Ինքը ճարտարն էր հսկում, որ կարողացան Ճարտարը պահել, ինքն ուրախությունից դուրս է եկել ու ասել՝ էս անգամ էլ հաղթեցինք ու ուզել է օդ կրակել ուրախությունից, ու այդ պահին հրետանուց ասկոլկան հարվածել է գլխին»։
Դոնարան ասում է՝ ամուսնու երազանքը 3 տղաներից հետո աղջիկ ունենալն էր, նրա զոհվելուց 10 օր առաջ էր ծնվել Ալիսան․ «Նորածին դրստերը ընդամենը 3 օր էր տեսել, ու առաջին անգամ համբուրեց ու ասաց՝ լավ կլինի, լավ մնացեք, չվախենաք ու գնաց ու գնաց, այդպես էլ չկարողացանք կապվել իր հետ»։
Ընտանիքը տարբեր կառույցների է դիմել Վանիկի աճյունը Հայաստան տեղափոխելու հարցով, առայժմ որեւէ արձագանք չկա։ Զինվորականի այրին ասում է՝ ստիպված են եղել Վանիկի մարմինը Ճարտարում թաղել, այլեւս հնարավոր չէր պահել․
«Մարտունիում լույս չկար, դիահերձարան չկար, սառնարաններ չկան, արդեն 3-րդ օրն էր՝ չէին դիահերձել, մենք իրեն կես ժամով տեսանք ու հուղարկավորեցինք Ճարտարում։ Եթե հնարավորություն լինի թեկուզ ռուսների կամ Կարմիր խաչի հետ ես էլ կգնամ ու տեղը ցույց կտամ, արտաշիրիմում կանենք, այստեղ բերենք»։
Դոնարան ամուսնու, տան ու հայրենիքի կորուստը սգում է նոր բազմաթիվ հոգսերով զբաղվելուն զուգահեռ։ Նա չորս անչափահաս երեխաների եւ սկեսրոջ հետ վարձով է բնակվում Երեւանում՝ մեկ սենյականոց բնակարանում, որտեղից մեկ ամսից պետք է դուրս գա։ Նա Ճարտարում զբաղվել է բազմազավակ ընտանիքի խնամքով, ամուսինն էր ընտանիքի ապրուստը միակ վաստակողը։ Հիմա Դոնարան ստիպված է լինելու ինքնուրույն չորս երեխաների եւ ֆինանսական եւ կենցաղային կարիքները հոգալ․
«Ես չգիտեմ՝ ոնց եմ անելու։ Մտածում էի ուժեղ եմ, բայց հասկացա, որ չէ․․․։ Փառք Աստծո ինքը Արենին՝ մեծ որդուս, սովորացրել է, ինքն էլ այդ տարիքում արդեն սաղ հոգսը վրան էր։ Հուսով եմ, որ շարունակությունը լավ կլինի։ Շատ դժվար է լինելու, բայց հանուն երեխաների կհաղթահարեմ, կփորձեմ ուժեղ լինել։ Ես ամենակարեւորն եմ կորցրել, ինձ համար ամենակարեւորն այնտեղ թողել ու եկել եմ։ Էդքան պայքարել է հայրենիքի համար, արյուն թափել, հիմա հայրենիքն ենք կորցրել ու եկել, գոնե հայրենիքը չկորցնեինք»։
Ինչպես հայրը սովորեցրել էր, 16-ամյա Արենը հոր մահից հետո ստանձնել է տան տղամարդու դերը, ինքն է մեքենայով ընտանիքին Հայաստան հասցրել, 35 ժամ ղեկին է եղել։ Դեռ 10 տարեկան էր, երբ հայրը սովորեցրեց մեքենա վարել․ «Ճանապարհը դժվար էր, պրոպկեք էր շատ, մի ժամ կանգնում էինք, 15 րոպե առաջ գնում, գիշերն էր հեշտ մի քիչ, շատ ճանապարհ եկանք գիշերը, ցերեկը արդեն մի քիչ դժվարանում էր»։











