Ինձ համար շատ տարօրինակ է, որ ՌԴ նախագահը ժամանակ ունի լրատվամիջոցներին հետեւելու. բայց այստեղ խնդիրն ուրիշ է. ցանկացած մարդու ամենասարսափելի բնավորության գիծն այն է, որ ինքը միշտ իր ցանկացած արարք կարող է արդարացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Պուտինի հայտարարությանը, թե ինքը մամուլից է տեղեկացել Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին:
«Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունները պայմանավորված չպետք է լինեն Նիկոլ Փաշինյանի եւ Պուտինի հարաբերություններով, պայմանավորված չպետք է լինեն ՌԴ ղեկավարի կամ Հայաստանի ղեկավարի անձերով, որովհետեւ դրանք անցողիկ են, իսկ երկու երկրների շահերը մնայուն պետք է լինեն: Հետեւաբար Պուտինի, այսպես կոչված, արդարացումը անընդունելի է: Ինքը պետք է աներ այն, ինչը կար եռակողմ համաձայնագրով պայմանավորված»:
Դիտարկմանը, որ Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո իրենք ի՞նչ կարող են անել՝ ակնարկելով, որ Հայաստանն է տվել Արցախը, իրենցից ի՞նչ են ուզում, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Խաղաղապահների մանդատն այն էր, որպեսզի ապահովեր, որ չլինեին բախումներ: Արցախի՝ Ադրբեջանի կազմում լինելու հանգամանքը Ռուսաստանի վրայից չէր վերցնում այդ պարտականությունը, որը Ռուսաստանն ինքն էր վերցրել, ոչ ոք իրեն չէր պարտադրել:
Բնականաբար, ինքը չի կարող ավելի շատ մտածել հայերի շահերի մասին, քան մենք ինքներս, հետեւաբար ես որպես քաղաքացի պետք է խնդրեմ, որ ինքը քիչ խառնվի եւ թշնամական մթնոլորտ ստեղծի մեր եւ մեր հարեւան երկրների միջեւ, որպեսզի այդ մթնոլորտը այս կամ այն պատմական ժամանակահատվածում օգտագործի իր շահերի համար:
Մենք պետք է հաշվի առնենք, որ այս տարածաշրջանում ապրում ենք, ունենք հարեւաններ, եւ պետք է միջազգային նորմերին համապատասխան գտնենք համակեցության ձեւեր, որ կարողանանք ապրել»,-հայտարարեց Աղազարյանը:
Նա անդրադարձավ նաեւ Պուտինի այն հայտարարությանը, թե երբ Հայաստանը հայտարարում էր ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին, չէր մտածո՞ւմ այնտեղ ապրող հայերի մասին, Աղազարյանն ասաց. «Այսինքն մենք չհայտարարեինք, որ ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ Հայաստանը արյունաքա՞մ լիներ: Մենք արյունաքամ էինք լինում բառիս ուղիղ իմաստով, քաղաքական իմաստով, տարածքային իմաստով: Մենք հիմա պետք է մտածենք մեր պետության ամրապնդման, սահմանների պահպանության մասին»:











