Մեր դիվանագիտությունը խայտառակ ձախողումներ է արձանագրում, մի օր մի բան է հայտարարում, մյուս օրը՝ մեկ այլ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Այսօր պրակտիկա է դարձել, կուլիսներում ինչ-որ բաներ են պայմանավորվում, դրա մասին հետո ենք մենք իմանում: Նիկոլ Փաշինյանը խոսում էր ժողովրդավարությունից, իսկ արեւմուտքի շահերից բխում էր ծափ տալ, դրանից առաջ էլ Զելենսկուն էին ծափ տալիս: Այս տարածաշրջանում նոր Զելենսկի են տեսնում»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ իրականում իշխանությունը չի զբաղվում արտաքին քաղաքականության մեջ ազգային, պետական շահերը օրակարգ չեն բերում եւ դրան հետեւողական քայլեր չեն ձեռնարկում։

«ես տեսնում եմ իրենց շահերից բխող քաղաքականություն, որն իրականացնում է Ալիեւը։ Նա Արեւմուտքից ստացավ այն, ինչն իրեն պետք էր։ Հիմա այն, ինչն Արեւմուտքը չի կարող ստանալ, եկել է այստեղ ու ստանում է այն հարաբերություններով, որտեղ այդ խնդիրը կարող է լուծվել։ Հիմա նա ստանում է այն 5 հարցերը, որոնց մասին ես ասել եմ։ Այդ հարցերը մարտահրավեր են Հայաստանի համար։ Առաջինը այն է, որ սահմանազատում ու սահմանագծում պիտի կատարվի Ադրբեջանի պահանջներով, Ադրբեջանը մի թիզ չի զիջում, այսինքն՝ պետք է լինի իրենց քարտեզներով, ինչը բերելու է մեր տարածքային ամբողջականության նկատմամբ լրջագույն սպառնալիք, անկլավների հարցը, որը բերելու է մեր ռազմավարական ճանապարհների նկատմամբ հսկողության, մյուսը այն է, որ երբ մենք հայտարարեցինք, որ ըստ էության Ադրբեջանն է Արցախը, դրանով մենք դիտվելու ենք 88 թվականից ինչ տեղի  ունեցել դրա պատասխանատուն, Ադրբեջանը մեզ ներկայացնելու է որպես ագրեսոր, եւ դնելու է մեր առաջ փոխհատուցման պահանջ, եւ վերջինը լինելու է փախստականների վերադարձը, եթե այդ տարածքներում, որտեղ ադրբեջանցիներն ապրել են, գալու են Հայաստան, հետո ձեռք են բերելու ընտրություններին մասնակցելու իրավունք»,- նշեց Արմեն Ռուստամյանը: