Ես հաստատեցի իմ անկեղծ ցանկությունը՝ տեսնելու Եվրոպական միության ներկայությունը Հայաստանում։ ՀՀ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցին այս մասին հայտարարել է Լիտվայի վարչապետ Ինգրիդա Սիմոնիտեն։

«Մեզ միավորում են նմանատիպ մարտահրավերները՝ ճնշումների մարտահրավերները, անկախության համար պայքարը, ժողովրդավարության ընտրությունը և դրան նվիրվածությունը: Ես հպարտ եմ, որ Լիտվան առաջինն է ճանաչել Հայաստանի անկախությունը 1991 թվականին»,- ընդգծել է նա։

Նրա խոսքով, ժողովրդավարական երկրներն այսօր առավել քան երբևէ պետք է միավորվեն և պաշտպանեն ընդհանուր արժեքները։

«Լիտվան մտադիր է աջակցել ԵՄ-ի և Հայաստանի միջև հարաբերությունների խորացման գործընթացին»,- հավելել է Սիմոնիտեն։

Նա հայտնել է Լիտվայի պատրաստակամությունը՝ աջակցելու էներգետիկայի ոլորտում բարեփոխումներին, այդ թվում՝ վերականգնվող էներգիայի, տրանսպորտի, էկոլոգիայի և այլ ոլորտներում։