Փաշինյանի խոսքերից պարզ չէ՝ Հայաստանը ռուսամետ, թե՞ արևմտամետ ուղղությամբ է շարժվում, նա անընդհատ հակասական հայտարարություններ է անում։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Փաշինյանն ասաց, որ ԵՄ հովանու ներքո ստեղծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ։

Հիմա պարզ է, թե սա ինչ ճանապարհային քարտեզ է, որը Ադրբեջանը միայն կեսն է անցել։ Ամեն ինչ շատ պարզ է. Ալիևը Փաշինյանին  մատների վրա է խաղացրել։ Նրան  ձեռք չի տվել ռուսական տարբերակը, ըստ որի Ղարաբաղի կարգավիճակը թողնվում է ապագային։

Դրա համար Ալիևը ներգրավվեց արևմտյան հարթակների բանակցություններում։ Հայաստանի՝ Արցախից հրաժարվելու գործընթացը սկսվել է դեռևս 2022 թվականին, երբ Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպումից հետո հայտարարություն ընդունվեց։ Մենք դեռ այն ժամանակ ասում էինք, որ դա կհանգեցնի Արցախի հայաթափմանը։

Փաշինյանը կարծում էր, որ Արցախը զոհաբերելով կարելի է փրկել Հայաստանը։ Բայց նա չէր մտածում, որ Արցախը վերցնելով Ալիևը միայն կես ճանապարհը կանցնի՝ օգտվելով նաև Ռուսաստանի թուլացած վիճակից։ Իսկ Փաշինյանը Գրանադայում սպասում էր Ալիևին, որպեսզի  ստորագրի այն մասը (ճանապարհային քարտեզի - խմբ.), որը վերաբերում է Հայաստանին, բայց Ադրբեջանի նախագահը Իսպանիա չմեկնեց։

Հիմա Փաշինյանը կարծում է, որ Արևմուտքը ճնշում կգործադրի Ալիևի վրա, և նա հոկտեմբերի վերջին կգա հանդիպման։ Ինքը՝ Արևմուտքը, կցանկանար հասնել փաստաթղթի ստորագրմանը, քանի որ դա կթուլացնի Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում և կնվազեցնի իր սահմանների վրա նոր պատերազմի սկսման վտանգը։

Սակայն Ալիևը դեռ չի սպառել իր օրակարգը և հիմա ռուսաստանյան հարթակում ցանկանում է Հայաստանով միջանցք ստանալ։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանություններն իրենք են սկսում հասկանալ, թե ինչպես են իրենց խաբել, քանի որ ոչ ռուսաստանյան հարթակի բանակցությունները, ոչ էլ Բաքվի հետ ուղիղ բանակցությունները չեն կարող ապահովել այն, ինչ նրանք ակնկալում էին։ Սա լիակատար ձախողում է։

Եվրոպայում ծափերի արժանանալու համար պարզապես պետք է քննադատել Ռուսաստանին։ Բայց սա վտանգավոր ռազմավարություն է, քանի որ Ռուսաստանը շարունակում է մնալ լուրջ գործոն և կարող է խնդիրներ ստեղծել Հայաստանի համար։

Փաշինյանի ամենամեծ սխալն այն է, որ նա կարծում է, որ Արևմուտքը կարող է զսպել Ադրբեջանին, որ ԵՄ-ն Ադրբեջանին զսպելու կարողություն, ցանկություն և մտադրություն ունի։ Սա Փաշինյանի պարզունակ մտածողության արդյունքն է. Նա տգետ Սաակաշվիլին է»,- ընդգծել է քաղաքական գործիչը։