Արձանագրենք, որ ՀՀ պաշտպանության նախարարը պաշտոնական այցով Փարիզում է եւ հանդիպում է ունենալու Ֆրանսիայի պաշտպանության նախարարի հետ. քննարկվելու են բազմաթիվ հարցեր՝ կրթականից սկսած եւ ռազմական համագործակցության որոշ էլեմենտներ իրենց տեղը կգտնեն այս հանդիպման արդյունքում: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Ըստ նրա՝ ցանկացած պետություն պետք է մեծացնի համագործակցության շրջանակը, ինչպես նաեւ քաղաքական հարցերում պետք է ունենա բարեկամների ավելի մեծ ներգրավվածություն. «44-օրյա պատերազմը մեզ հուշեց, որ մենք, ոնց որ թե, այդ հարթակներում պետք լուրջ աշխատանք ծավալենք ու ոչ միայն ունենանք բարեկամներ, այլ նաև ունենանք այնպիսի հարաբերություններ, որոնք առաջին հերթին միտված կլինեն մեր անվտանգային միջավայրը դարձնել ավելի ներառական, որպեսզի մեր երկրի կայունությանն առնչվող բոլոր հարցերը ստանան իրենց պատշաճ լուծումները», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը։
Հարցին, թե ո՞ր տարածքով է հմապատասխան սպառազինությունը մտնելու Հայաստան, հանձնաժողովի նախագահը պատասխանեց, որ առաջիկայում սկսվելու են 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկումները եւ առաջինը քննարկվելու է հենց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովին վերաբերող հատվածը. «Այնտեղ դուք թույլատրելիի սահմաններում կունենաք հնարավորություն ստանալ ձեզ հուզող հարցերի որոշակի բացված փակագծերով պատասխաններ, որոնք կվերաբերեն թե սպառազինությանը, թե դրա կառուցվածքին: Ձեզ համար ակնհայտ կլիննի, թե ներկայիս իշխանությունն ինչ ծավալով պատկերացումներ ունի մեր պաշտպանական գերատեսչությանը վերաբերող հարցերի շուրջ»,-ասաց նա:











