Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արձանագրված բոլոր հաջողությունները և բոլոր անհաջողությունները շատ ուղիղ կապ ունեն կոռուպցիայի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Հակակոռուպցիոն կոմիտեում Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան և կառույցի կազմավորման երկրորդ տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այն, որ մենք ի հեճուկս բոլոր ցնցումների և հարվածների, օրինակ՝ Հայաստանում կարողացանք, ի վիճակի եղանք մակրոտնտեսական ոչ միայն կայունություն ապահովել, այլև շարունակել տնտեսական զարգացման դինամիկայի մեջ լինել, դա միայն մի բացատրություն ունի: Դա ոլորտում հակակոռուպցիոն որոշումների արդյունավետ իրականացումն է:

Մենք տնտեսության մեջ մենաշնորհները վերացրեցինք, այն որ մենք հարկային արտոնությունների դեմ մաքսիմալ անկեղծ պայքարում ենք: Ես չեմ կարող ասել, որ դա վերացվել է, որովհետև մենք տեսանք, որ հիմա էլ հարկերից խուսափելու նոր և տեխնոլոգիական այնպիսի ձևեր են ի հայտ գալիս և մշակվում, որոնք մեր խնդիրները բարդացնում են: Բայց ես կրկին ուզում եմ ասել՝ նույն տնտեսական կայունությունը, որն առանցքային գործոն է, որովհետև, եթե տնտեսական կայունություն չլինի, հարկային բյուջետային եկամուտների կայունություն չլինի, մենք ընդհանրապես ոչ մի բան չենք կարող անել:

Եվ ես ուզում եմ՝ մենք սա գնահատենք և արձանագրենք: Ինչո՞ւ է այդպես՝ տնտեսության ոլորտում հավասար դաշտ և հնարավորություններ ստեղծելու արդյունքում, որը հակակոռուպցիոն մեր առաջին քայլերի հետ է կապվում և որոնց համար քաղաքական կամքը բավարար էր, բայց կան հարցեր, որոնց դեպքում միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք է լինեն գործուն մեխանիզմներ: Եվ նաև մեր բոլոր պրոբլեմներն ու անհաջողությունները, որոնք մենք ունեցել ենք բոլոր ոլորտներում: Երբ ուզում ես հասկանալ՝ ինչո՞ւ և ինչպե՞ս, դարձյալ գալիս են այն եզրակացության, որ կոռուպցիան այստեղ ունի առնվազն շատ վճռորոշ նշանակություն: Չեմ կարող ասել, որ դա միայն կոռուպցիայի հետևանք է, բայց կոռուպցիան այդտեղ ունի շատ էական դերակատարում: Եվ նաև այդ է պատճառը, որ մենք այսօր հետևողականորեն շարունակում ենք հակակոռուպցիոն քաղաքականությունը»,-նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Հակակոռուպցիոն օրենսդրության վերաբերյալ ընդունած փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ այդ նախաձեռնությունները 10-ամյա, եթե ոչ ավելի երկար բարքերին հակադիր են. «Բայց ես կարծում եմ, որ մեր երկրի առաջ եղած մարտահրավերները բոլորիս՝ առաջին հեթին պետական պաշտոնյաններին, ստիպում են տեղավորվել բոլորովին այլ ստանդարտի և այլ տրամաբանության մեջ:

Եվ, իհարկե, դա իր հետ բերելու է լրացուցիչ հարցեր, նաև բարդություններ ենք ունենալու և իրականացման փուլում, ոչ թե այն իմաստով, որ չենք ցանկանալու կամ դիմադրություն է լինելու, դա էլ իր հերթին, այլ այդ նոր համակարգերը դեռ պետք է հասկանալ, որովհետև կարող են լինել դեպքեր, որ մենք ի վիճակի չլինենք նույնականացնել, որ այս դեպքն այդ դեպքին է վերաբերում»: