Գործողություն պահանջող եւ գործողության մասնակցող մարդիկ էապես իրարից տարբերվում են, որովհետեւ  պահանջել գործողություն, ենթադրենք, կիրակի երեկոյան, բայց չգալ գործողության երկուշաբթի առավոտյան, դա նշանակում է՝ դու պահանջում ես «թամաշա»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով դժգոհությանը, որ ընդդիմությունը վճռական գործողությունների չի գնում եւ չի կարողանում իշխանափոխություն իրականացնել:

«Արդյոք այն քաղաքացին, որ պահանջում է գործողություն, բայց այդ գործողությանը չի մասնակցում, ինքն իր հետ անկեղծ է»,-ասաց նա:

Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին, Արթուր Խաչատրյանն ասաց. «Ինչքան էլ Փաշինյանի հայտարարի, որ հայ-ռուսական հարաբերությունները լավ են... Եթե հայ-ռուսական հարաբերություններն լավ են՝ ինչո՞ւ են եթերում սփռվում հաղորդումներ, որոնք վնասում են հայ-ռուսական հարաբերություններին»:

Նշենք, որ նախօրեին ռուսական պետական հեռուստաալիքով ցուցադրվել է հաղորդում, որի ժամանակ ամենախիստ քննադատության է ենթարկվել Հայաստանի իշխանությունը, հնչեն են անգամ վիրավորանքներ: