Գլխավոր խնդիրը հասկանալն է՝ թե ինչ ծավալի մասին է խոսքը, Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության փաթեթը ի՞նչ է ենթադրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին արդյո՞ք ֆրանսիական ռազմատեխնիկական աջակցությունը կարող է այլընտրանք հանդիանալ արդեն առկա անվտանգային համակարգերին։
Նրա խոսքով, եթե դա սահմանափակվում է միայն զրահապատ մեքենաների, մի քանի տեղորոշիչ ռադարների և մի քանի միավոր այլ սպառազինությամբ, բնականաբար, դա չի կարող որևէ լուրջ խնդիր ապահովել։ Քանի որ որպես կանոն, ռազմատեխնիկական համագործակցության դետալները ոչ քանակի, ոչ ծավալի առումով մանրամասն չի հրապարակվում, այս պահին, ըստ պատգամավորի, շատ դժվար է ասել, թե ինչով ինչին կարելի է փոխարինել։
«Համենայնդեպս, մի կողմից ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է իր հռետորաբանությունը բավականին սուր պահել և այս պայմաններում անվտանգության համակարգում արագ վերականգնողական աշխատանքների և հագեցվածության մեծ խնդիր կա, որը պետք է ապահովել։
Մեկ կարևոր հանգամանք էլ կա. այս ամեն ինչ հիմքում ամենակարևորը մարդկային գործոնն է. պետք է մտածել Զինված ուժեր նոր մարդկանց, առավել ինտելեկտուալ բարձր մակարդակի անձանց ներգրավածության մասին»,- ասաց Աբրահամյանը։
Նա նշեց, որ շատ է խոսվում արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության մասին, բայց եթե նույնիսկ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխություն էլ է իրականացվում կամ կոնկրետ ուղղվածությամբ կոնկրետ քայլեր իրականացվում են, ապա այս պարագայում պետք է հաշվի առնել, թե կոնկրետ ուր են գնում, ինչ հաշվարկով, ինչ կա դրա տրամաբանության ներքո։
«Այս պարագայում Հայաստանը հինգուկես տարվա ընթացքում գնում է միան անդունդ, անորոշություն, դեպի անկանխատեսելիության դաշտ։ Այլ բան նկատելի չէ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը։











