Անվտանգությանը վերաբերող խնդիրների լուծման տեսանկյունից կարող ենք 2024 թվականի բյուջեն դիտարկել որպես անվտանգային բյուջե։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց Պաշտպանության ու անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

«Ֆինանսաների նախարարը ներկայացրեց մի թիվ՝ 555 մլրդ դրամ, որը ավելին է, քան 2023 թվականի նախատեսված ծախսերը։ Քննարկման փակ մասում քննարյկվեց դրա կառուցվածքը: Պաշտպանության ոլորտի բյուջեին վերաբերող փակ նիստի ժամանակ խոսվել է նաև սպառազինության ծավալների մասին, որը միայն պաշտպանական բնույթի է: Հիմնական գաղափարը, որ դրված է սպառազինության բովանդակության մեջ հետևյալն է՝ դրանք բացի պաշտպանական լինելուց, պետք է լինեն նորը»,- ասել է նա։

Պարոն Արթուր Խաչատրյանի հարցին, թե դրանք հին նոր են, թե՞ նոր նոր են, զեկուցողը հստակ պատասխանեց, որ դրանք պետք է լինեն նորը։

«Այլևս երբեք ՀՀ-ն պաշտպանական բնույթի օգտագործված սպառազինություն ձեռք չի բերելու: Ու Հայաստանն անշեղորեն իրագործելու է այդ խնդիրը»,-ասաց նա:

Փակ նիստի ժամանակ խոսվել է նաև ամրաշինական աշխատանքների մասին, որոնք շատ տպավորիչ են եղել՝ ըստ Քոչարյանի գնահատման:

«Վերջին 26 տարվա մեջ, կարծում եմ, այն ծավալի ամրաշինական աշխատանքներ, որ տարբեր հատվածներում արվել են, արվել են այնպիսի ծավալով և այնպիսի որակով, որ եթե մենք ունենայինք, վստահաբար կարող էինք ասել, որ 44-օրյա պատերազմի բաժանարար գիծը լրիվ այլ տարածքով կանցներ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ պատգամավորները ևս ծանոթացել են այդ աշխատանքներին:

Անդրադառնալով 2024-ին պաշտպանության ոլորտին ուղղված հատկացումներին՝ Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Հաստատում եմ, որ 2024-ի բյուջեն անվտանգությանը միտված հատկացումներ են: Մնում է՝ այդ հատկացումները մենք բոլորս միասին այնպես իրացնենք, որպեսզի հաջորդ տարվա բյուջեն քննարկելու ժամանակ չասենք, որ այստեղ ունեցել ենք թերացում: Այն, ինչ վերաբերում է անվտանգությանը, թերացումների մասին խոսելը պետք է բացառել, իսկ թերացողները պետք է պատժվեն ամբողջ խստությամբ»: