Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլևս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դետեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում 2024-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան:
Նա մանրամասնեց. «Նրանք, որոնք այդ գագաթնաժողովի «կոնսեսնուս-1»-ին, ընդ որում «-1»-ը Հայաստանն էր, միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում ու ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է ու մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մի նպատակ ունեին՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։
Նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որևէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչև նրա լուծման պահին հնարավոր չլինի լուծել նաև Հայաստանի հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։
Առնվազն 1996 թվականից ի վեր՝ Ղարաբաղի հարց այլևս գոյություն չի ունեցել։ Գոյություն է ունեցել Հայաստանի Հանրապետության հարց։ 1998 թվականի, 1999 թվականի, մասնավորապես, հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։
Փաշինյանը հարցադրում արեց, թե արդյոք չէինք կարող ավելի վաղ հասկանալ այս ամենը՝ առանց այս աղետների միջով անցնելու. «Միայն մեկ պարագայում կարող էինք՝ մտածողության փոփոխության: Իսկ դա ոչ թե դժվար, այլ անհնար էր, որովհետեւ դեռեւս կոմունիստական ժամանակներում ձեւավորված հայրենասիրական, ծայրագավառային մոդելը մեզ թույլ չպիտի տար դա անել»,-ասաց նա:











