Աշխատանքային միգրանտները չեն համարվում զբոսաշրջիկ, բայց եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ կլինենք, այդ ուղղությամբ աշխատում ենք: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 20-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք զբոսաշրջիկների թվի մեջ ներառված են Հայաստան եկած հնդիկները:

«Ասիական շուկան մեզ համար նոր զարգացման ուղղություն է, մենք պարբերաբար մասնակցում ենք այնտեղ զբոսաշրջային ցուցահանդեսների, իրականացնումմ ենք տարբեր գովազդային արշավներ: Անցած շաբաթ ես Ճապոնիայում էի, եւ մենք «Օսական Էսքպո»-ի շրջանակներում պլանավորում ենք 2025-ին Հայաստանը Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: Այսինքն մենք դիվերսիֆիկացնում ենք նաեւ մեր զբոսաշրջային ջանքերը, դա մեր ռազմավարության մեջ է մտնում»,-ասաց նա:

Հարցին, թե ի վերջո, որքան են Հայաստանում գտնվող հնդիկները, նախարարը պատասխանեց. «Մեր ունեցած թվերը, որոնք վերցրել ենք սահմանահատումների վերաբերյալ, խոսում ենյ այն մասին, որ հնդիկների թիվը Հայաստանում 30 հազարից, գուցե նաեւ 20 հազարից քիչ է: Մենք վերցրել ենք 2010 թվականից ի վեր սահմանահատումների քանակը: 20-30 հազարի միջակայքում է»:

Քերոբյանի խոսքով, հնդիկները Հայաստանում տարբեր ոլորտներում են ընդգրկված՝ շինարարություն, գյուղատնտեսություն, ծառայությունների ոլորտ. «Չեմ կարող ասել, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ են գալիս Հնդկաստանից: Այդպիսի մասնագետներ գալիս են ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից: Իսկ Ուզբեկստանից, Իրանից եւ Հնդկաստանից հիմնականում գալիս են ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի գործեր են կատարում»,-ասաց նա: