Ադրբեջանի իշխանությունները եկան այն եզրակացության, որ Հայաստանի հետ բանավոր պայմանավորվածությունների արդյունքներով 2022 թվականին կարողացել են ստանալ այն ամենը, ինչ ցանկացել են։ Այստեղից հարց է առաջանում․ նրանց ինչի՞ն է պետք երրորդ կողմի մասնակցությունը, որի նկատմամբ նույնպես պետք է որոշակի պարտավորություններ ստանձնեն։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

Նա հիշեցրել է, որ Պրահայի հռչակագիրն ընդունվել է Ռուսաստանի համար ուկրաինական ճակատում ծանր պահին։

«Իսկ  հիմա Ռուսաստանի նկատմամբ երկաթե վարագույրն ընկնում է։ Ուստի, այս դեպքում Հայաստանի ֆիզիկական անվտանգությունը կախված է Փաշինյանի վարքագծից։ Առայժմ մենք ակտիվորեն կրկնում ենք 1920 թվականի իրադարձությունները՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է փորձագետը։

Նա հիշեցրել է, որ 44-օրյա պատերազմից հետո նոյեմբերի 9-ի հայտարարության արդյունքում ձևավորվեց Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան ձևաչափը, որը հնարավորություն տվեց պահպանել Արցախը, քանի որ կարգավիճակը չէր քննարկվել, և խաղաղապահները տեղակայվեցին վիճելի տարածքներում։

«Այնուհետև հայտնվեց արևմտյան ձևաչափը, որի շրջանակներում Հայաստանը ճանաչեց Արցախը որպես Ադրբեջանի մաս, Արցախում տեղի ունեցավ էթնիկ զտում, որի արդյունքում Ալիևը ստացավ Արցախն առանց հայերի, և սրան որևէ արձագանք չեղավ»,- ավելացրել է Մաթևոսյանը։

Քաղաքագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը առանձին միավոր չէ, նրա թիկունքում կանգնած է Թուրքիան։

«Բացի այդ, Ադրբեջանը Բրիտանիայի հիմնական գործիքն է տարածաշրջանում։ Լոնդոնը հետապնդում է մեկ գլխավոր նպատակ․ ամեն գնով հասնել իրանական նավթին՝ լինի դա պատերազմ, թե գունավոր հեղափոխությունների սանձազերծում»,- եզրափակել է նա։