Հայաստանի Հանրապետությունը վերջին առնվազն մի քանի տարիներին, լինելով ԵԱՏՄ անդամ, բավականին մեծ հաջողություններ է գրանցել՝ նաև տնտեսական: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է ԵԱՏՄ նիստին։

Նրա խոսքով՝ նախորդ տարի ՀՀ-ն ունեցել է 12.7% տնտեսական աճ, ինչը ոչ միայն տարածաշրջանում, այլև աշխարհի մակարդակով առաջիններից էր, և այս բոլոր ձեռքբերումները Հայաստանն ունեցել է ԵԱՏՄ շրջանակներում գործունեություն ծավալելիս։

«Եւ շատ նորմալ է, որ մենք մասնակցենք ԵԱՏՄ նիստերին: Վարչապետի այցերի մասին մենք տեղեկանում ենք պաշտոնապես Կառավարության աղբյուրներից և հայտարարություններից, և թույլ տվեք, որ ես հղում անեմ Կառավարության աղբյուրներին: Ես ասացի իմ կարծիքը, և կարծում եմ, որ ԵԱՏՄ անդամակցությունն այս պահին այլընտրանք չունի մեզ համար, և ԵԱՏՄ անդամակցությունը բավականին դրական բաներ է բերում մեր երկիր»,- ընդգծեց Վաղարշակ Հակոբյանը։

Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու վարչապետը չմասնակցեց ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին, պատգամավորը նշեց․ «Դուք գիտեք, որ վերջին շրջանում ՀԱՊԿ միջոցառումներից որոշներին չենք մասնակցել, և այդ մասնակցության բացակայությունը նաև մեկնաբանվել է: Մեկնաբանվել է ոչ միայն աշխատանքային մակարդակում, այլ նաև՝ հրապարակային: Երբ որ արձանագրվում են ՀԱՊԿ-ի թերացումները, ՀՀ-ն բոլոր մակարդակներում խոսում է այդ մասին, և խոսում է շատ ուղիղ, և խոսում է Հայաստանի Հանրապետության պետական շահին համապատասխան»: