Մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի արտահանողներին՝ երրորդ ուղղություններով ապրանքներ արտահանելիս օգնենք: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Չեմ ուզում մանրամասները հայտնեմ, երբ որոշումները լինեն` կիմանաք։ Ուղղակի ուզում եմ ասել, որ աշխատանքը չի դադարել, ընթանում է։ Մյուս տարվա պլանների մեջ էլ կա մյուս ուղղություններով ջանքերը մեծացնել, որօպեսզի արտահանման դիվերսիֆիկացիա լինի»,- նշեց նա։
Դիտարկմանը, որ Հայաստանից արտհանման 40 տոկոսը գնում է Ռուսաստան, արդյոք կարողանալո՞ւ են ռուսական շուկային այլընտրանք գտնել, Քերոբյանն արձագանքեց․ «Մենք չենք ուզում մի երկրի հաշվին մյուսի հետ հարաբերությունները լավացնել։ Ուղղակի գիտենք, որ մեծ պոտենցիալ կա բազմաթիվ այլ ուղղություններով, բացի առկա լավ ուղղություններից, եւ այդ ուղղությամբ պետք է տքնաջան աշխատել:
Նոր շուկաններն այդքան էլ հայտնի չեն սպառողների վարքագծով, նախասիրություններով և այլնով։ Հաճախ նոր շուկայի համար անհրաժեշտ է լինում նոր ապրանք արտադրել։ Դա անհամեմատ ավելի լուրջ աշխատանք է, քան հիմա արվում է»։
Քերոբյանի խոսքով՝ այսօր իրենց համար ամենագրավիչն Արևելյան Ասիայի երկրների շուկաներն են՝ Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա։











