Հասկանում ենք, որ զոհված զինծառայողի հոր՝ Գարիկ Գալեյանի գործով այդ ամենը կատարվում է դիտավորյալ, վարկաբեկելու, սևացնելու մեզ՝ զոհված զինծառայողների ծնողներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Գարիկ Գալեյանի կինը՝ Աստղիկ Գալեյանը։
«Խելացի մարդը դա կհասկանա, իսկ ում ուղեղին հասու չէ, բնականաբար կընդունի այն, ինչը հրամցնում են»,- նշեց նա։
Աստղիկ Գալեյանի խոսքով՝ ամուսինը որդու գերեզմանին՝ «Եռաբլուր» այցելել պարբերաբար չի կարողանում, քանի որ այժմ տնային կալանքի տակ է։
Անդրադառնալով «Եռաբլուր» զինվորական պանթեոնից զոհվածների ծնողների բռնի ուժով բերման ենթարկելու գործի վերաբացմանը՝ զոհվածի մայրն արձագանքեց․
«Իմ կարծիքով՝ քանի այս իշխանությունը կա, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու։ Հերթական բեմադրությունն է։ Լիահույս չեմ, որ գործը ի օգուտ ծնողների կանեն։ Ամեն կերպ կանեն, որ արդար դուրս գան ոստիկանները։ Նրանք գիտեն, որ մի 2 հոգու դատեն, ապա հաջորդ անգամ նույն ջիղով կարմիր բերետավորները չեն անի այդ գործողությունները»։
Հիշեցնենք, որ 2023 թ. սեպտեմբերի 8-ին հայտնի էր դարձել, որ Գալեյանը ձերբակալվել է։ Ավելի ուշ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նրա մոտ 3 փաթեթ մարիխուանա է հայտնաբերվել։ Գալեյանի դեմ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այն միացվել է ավելի վաղ Գալեյանի առնչությամբ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնված քրեական վարույթին։
Նախաձեռնված վարույթից հետո Գալեյանը կալանավորվեց, որոշ ժամանակ անց նրա նկատմամբ որպես գրավ կիրառվեց 2 միլիոն դրամը և տնային կալանքը։











