30 տարի դպրոցին պետք էինք, իսկ հիմա որպես անպետք իր, հանեցին շպրտեցին դուրս։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց ակցիա իրականացնել լրագրողների հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի դպրոցի ուսուցիչներից մեկը։

«Թեստերի հարցերը խճճված էին։ Չի եղել նորմալ գրականություն, որից օգտվեինք, հապճեպ տվել են գրականության ցանկը, հետո մարդկանց տարիքն ու հիշողությունն այն չէ, որ հարյուրավոր գրքեր կարդաս ու գնաս, թեստավորվես։ Մարդկանց նախ պետք է վերապատրաստեին, հետո նոր ուղարկեին թեստավորման։ Մեր դպրոցում 5 ուսուցիչ դարձել են գործազուրկ, որից երկուսը դասվար են, երկուսը՝ ռուսերենի մասնագետ։ Իմը առաջին դասարանն էր, մնացին կիսատ տառերը։ Մենք 30 տարի պետք էինք այդ դպրոցին, և հիմա մեզ որպես անպետք իր հանեցին»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, արդեն 1 ամիս է՝ բողոքում են, որ ատեստավորման ժամանակ 50 տոկոսի շեմը հաղթահարած, բայց 60 տոկոսի շեմին չհասած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին երրորդ անգամ հնարավորություն է տրվել ատեստավորում անցնել, իսկ իրենց այդ հնարավորությունը չի տրվել: Ուսուցիչները մի քանի անգամ հանդիպել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, բաց նամակով դիմել են վարչապետին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: