Սահմանադրությունը պետք է դիտարկենք երկու տեսանկյունից՝ Սահմանադրությունը որպես բուն տեքստ և Սահմանադրությունը որպես քաղաքացիների կամ սահմանների կամք։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու մասին քննարկումներին, ասաց իշխանական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Բացառություն չեմ լինի, եթե ասեմ, որ որոշ սահմանադրությունների ընդունման հանրաքվեների հետ կապված տարատեսակ մեկնաբանություններ են եղել առ այն, թե ինչպես է այդ տեքստը ընդունվել, արդյո՞ք այն ստացել կամ չի ստացել քաղաքացիների մեծամասնության քվեն, կամ ինչ եղանակով է ստացել։ Այս ամենը մշտապես քննարկվել է 2018-ից սկսած, որ եթե անգամ տեքստը մնում է նույնը, մենք պետք է հասկանանք` քաղաքացիների կամքը իրո՞ք այսպիսին է։
Ես ուզում եմ, որ մենք Սահմանադրությունը դիտարկենք որպես ապրող փաստաթուղթ, որը հասարակական հարաբերությունների զարգացման փուլում կարիք է ունենում փոփոխությունների։ Այս տեսանկյունից ՀՀ-ն ոչ առաջինն է, ոչ վերջինը, որ անկախությունից հետո քննարկում է ոչ միայն սահմանադրական բարեփոխումների, այլեւ նոր Սահմանադրության տեքստի հարցը:
Ի վերջո որոշողը ոչ թե ես եմ կամ դուք, այլ սահմանադիրն է, որը քվեարկելու է։ Այս պահի դրությամբ կա գաղափար ու կփորձենք հասկանալ՝ որ ճանապարհով ենք գնում»,- ասաց նա:
Հարցին՝ չի՞ բացառում, որ հնարավոր նոր Սահմանադրության մեջ չի լինի հղում Անկախության հռչակագրին, Վարդանյանն ասաց․ «Էլի եմ ասում, ես չեմ հրաժարվողը, ոչ էլ դուք եք հրաժարվողը։ Եթե Սահմանադրության նոր տեքստը դրվի հանրաքվեի, ապա սահմանադիրն է որոշելու Սահմանադրության մեջ ինչ տեքստ է լինելու»:
Լրագրողի դիտարկմանը, որ ընդդիմությունը վստահ է, որ Սահմանադրությունը փոխելը Ադրբեջանի պահանջն է, պատգամավորը ասաց. «Մենք ավելի շատ ենք արծարծում այս խնդիրը, քան ադրբեջանական ԶԼՄ-ները։ Ոչ մի Սահմանադրություն ճնշումներով չի կարող և չպետք է ընդունվի, որովհետև եթե ընդունվում է ճնշումներով, մենք ինքնիշխանութան հետ կապված խնդիրներ ենք ունենում։ Փաստաթղթի նախաբանը ընդամենը դրույթներ է, որոնք անհրաժեշտ կարող են լինել որոշակի պայմաններում՝ մեկնաբանելու սահմանադրական այս կամ այն նորմը։
Նոր Սահմանադրության մեջ կարող է ավելի մեծ հղում լինի Անկախության հռչակագրին, կարող ավելի փոքր հղում լինի, կա միայն գաղափար, և որոշողը ժողովուրդն է լինելու։
Հիմա ցանկացած դատողություն անելը տեքստի վերաբերյալ կարող է լինել միայն գիտական, վերլուծական մակարդակի։ Ես միշտ դեմ եմ եղել Սահմանադրությունը շաբաթը մեկ փոխելու փորձերին, ես դեմ եմ նաև Սահմանադությունը «սրբազան կով» դիտարկելու փորձերին, այն ապրող փաստաթուղթ է»,- ասաց Վարդանյանը։











