«Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի որդին այսօր եւս Հակակոռուպցիոն դատարանի բակում էր:

NEWS.am-ի հարցին, թե ինչպես մեկնաբանում մեղադրանքը Աշոտ Հովհաննիսյանը, որդին պատասխանեց. «Չեմ շփվել իր հետ, ոչինչ չեմ կարող ասել»: Այդ ասելուց հետո նա նստեց մեքենան ու հեռացավ:

Նշենք, որ քիչ առաջ հակակոռուպցիոն դատարանը բավարարեց քննիչների միջնորդությունը և 2 ամիս ժամկետով կալանավորեց «Սիներջի» ընկերության հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանին: Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է:

Այսօր դատարանը քննեց նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ՝ Անի Գեւորգյանի խափանման միջոցը ընտրելու հարցը: Որոշումը կհրապարակվի ժամը 17.00-ին: Նրա պաշտպանը հայտարարեց, որ իր պաշտպանյալը բացարձակ կոռուպցիայի հետ կապ չունի:

Հիշեցնենք, որ էկոնոմիկայի նախարարությունում նախօրեին 7 անձ է ձերբակալվել, այդ թվում մեր օր առաջ էկոնոմիկայի  փոխնախարարի պաշտոնից ազատված Անի Իսպիրյանը: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գեւորգյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ էկոնոմիկայի նախարարությունում ձերբակալություններից հետո ձերբակալվել են նաև IT ամենահայտնի կազմակերպություններից մեկի` «Սիներջիի» մի խումբ աշխատակիցներ։

«Սիներջիի»  հիմնադիր տնօրեն Աշոտ Հովհաննիսյանը երկքաղաքացի է՝ նաև ԱՄՆ քաղաքացիություն ունի։ Նա «Վիցե միսս Եվրոպա-2005» գեղեցկության մրցույթում հաղթած հաղորդավարուհի Լուսինե Թովմասյանի սկեսրայրն է։