Ընդդիմությունը հենց նրա համար է, որ իր մասին միշտ հիշեցնել տա, բայց ես չեմ կարծում, որ ճիշտ ընդդիմությունը պետք է մեխանիկորեն հակադրվի իշխանության այս կամ այն քայլին, երբեմն աննպատակ ու ինքնանպատակ:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ընդդիմության քննաատություններին, թե իշխանությունը կոռուցպիոն բացահայտումներով ընդամենը շոուներ է անում:

«Ավելի ճիշտ է, որ օբյեկտիվ լինի, որ իր խոսքի կշիռն էլ բարձրանա»,-ասաց նա:

Հարցին՝ կոռուպցիայի դեմ պայքարն ինչո՞ւ է դանդաղել, որի մասին այսօր խոսել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աղազարյանը պատասխանեց. «Կոռուպցիայի դեմ պայքարը լայն ճակատով պետք է լինի: Դանդաղելու պատճառները դատական համակարգում են: Դատարաններում են այդ իմաստով խնդիրներ առաջանում»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ում խմորումներին եւ սպասվող կադրային փոփոխությունների մասին խոսակցություններին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Այն քննարկումներին, որոնց ես մասնակցել եմ, այդպիսի հարցեր չեն քննարկվել: Միգուցե կան ֆորմատներ, որտեղ այդ հարցերին անդրադառնում են: Բոլոր դեպքերում, իշխանությունը մեկ օրգանիզմ է, որտեղ միշտ խնդիրներ կարող են առաջանալ: Կադրային հարցը ամենադժվար հարցն է՝ արդյոք այս անձը ճիշտ տեղում է, արդյոք ինքը այդտեղ ռեալիզացնում է իր հնարավորությունները: Եթե ոչ՝ փոփոխություն է տեղի ունենում:

Կան մարդիկ, որ չեն կարողանում գայթակղությանը չտրվել եւ թույլ է տալիս իրավախախտումներ: Սա գործընթաց է, չի կարող ճահիճ լինել: Պետք է այդ ամեն ինչը եռա եւ հասարակությունը տեսնի, մենք էլ ավելի չափված լինենք եւ մեր քայլերի, եւ արտահայտությունների մեջ»: