Արդեն մեկ ամիս է՝ Քաղաքացիական դատարաններում նոր գործերը մուտքագրվում են էլեկտրոնային եղանակով, այսինքն՝ դատավարական փաստաթղթերը կազմվում եւ ներկայացվում են էլեկտրոնային՝ Armlex.am  համակարգի միջոցով: Կողմերը՝ հայցվորի եւ պատասխանողի ներկայացուցիչ փաստաբանները, դատարան գնալու փոխարեն համակարգչով մուտքագրում են համապատասխան հայցադիմումը։

Թվում է, թե ամեն ինչ պարզ ու դյուրին պետք է լիներ, սակայն փաստաբանների շրջանում դժգոհություններ կան համակարգի աշխատանքից։

NEWS.am-ին փաստաբանները պատմում են, որ այն հաճախ է խափանվում, այնպես, ինչպես «ԴատաԼեքս» տեղեկատվական համակարգը, եւ վերջին դեպքն էլ երեկ էր, երբ ուղիղ մեկ օր համակարգը չէր աշխատում։

Փաստաբան Արամազդ Կիվիրյանն ասում է՝ համակարգը դեռեւս լիարժեք պատրաստ չէր գործարկման համար, եւ օրենսդիրը շտապողականություն է ցուցաբերել, եւ փաստաբաններին՝ հարթակին ծանոթանալու համար տրվել է ընդամենը 2 շաբաթ։

«Ցավոք սրտի, բարդացված իրավիճակ է։ Փաստաբանները շատ դեպքերում պատրաստ չեն այս փոփոխություններին։ Հարթակի խափանումը լրջագույն խնդիրներ է առաջացնում, քանի որ օրենսգրքով սահմանված դատավարական ժամկետներ գոյություն ունեն։ Բնականաբար, ամեն ժամն ու օրը կարեւոր է փաստաբանի համար, որովհետեւ նա պետք է գործողություններ կատարի, իսկ այդ հարթակի խափանումն ինքնին վտանգի տակ է դնում դատական գործը։ Տեւական ժամանակ շրջանառվում էին խոսակցությունները, որ պետք է ստեղծվի էլեկտրոնային արդարադատությունը, ինքնին գաղափարը վատը չի։ Սովորաբար մեր հասարակությունում սրերով են ընդունում ցանկացած փոփոխություն, որին ինքը պատրաստ չէ։ Սակայն շատ կարճ ժամկետում ներդրվեց այս համակարգը, եւ փաստաբանները առավել շատ պետք է տիրապետեին այդ հարթակին, սակայն ներդրվեց այն ժամանակահատվածում, որ նրանց ընդամենը 2 շաբաթ ժամանակ տրվեց, որպեսզի կարողանային այդ հարթակին ծանոթանալ։ Միայն փետրվարի 1-ին փաստաբաններին ուղարկվեց էլեկտրոնային եղանակով մուտք գործելու այդ հնարավորությունը, այսինքն՝ գաղտնանունն ու գաղտնաբառը»,- նշեց Արամազդ Կիվիրյանը։

Անդրադառնալով հարթակի թերացումներին՝ Կիվիրյանը նշեց, որ այն չպետք է հանգեցնի դատարանների մատչելիության իրավունքի խախտման․ «Այսինքն՝ այն չպետք է լինի այն աստիճանի բարդ ու խնդրահարույց, որպեսզի անձը խնդիրներ ունենա այդ հարթակում։ Եթե փոփոխություն է արվում, ապա այն պետք է կոչված լինի գործողությունների հեշտացմանը, այլ ոչ թե բարդացմանը, եւ նոր խնդիրների ստեղծմանը»։

Փաստաբանի խոսքով՝ այժմ գործընթացը բարդացվել է․ 1 հայցադիմում ներկայացնելու համար իրենցից պահանջվում է մեկուկես օր, ինչպես նաեւ փաստաբանական գործունեությունն է վերցված կաղապարների մեջ․ «Յուրաքանչյուր փաստաբան ունի հայց ներկայացնելու իր ոճն ու ձեւը, սակայն էլեկտրոնային հարթակում պարտադիր է լրացնել այնպես, ինչպես նշված է կայքում։ Օրինակ՝ յուրաքանչյուր փաստ առանձին-առանձին, ընդ որում առանձին պատուհաններով, որոնց պետք է կցվեն այն ապացույցները, որոնք գտնում են, որ վերաբերում է, հետագայում նաեւ իրավական մեկնաբանությունը։ Նախկինում ներկայացնում էինք փաստերը, որից հետո անդրադառնում էինք իրավական հիմքերին, դրա հետ մեկտեղ ներկայացնում էինք մեր հիմքերն ու հիմնավորումները։ Այսինքն՝ յուրաքանչյուր իրավական նորմի վկայակոչումից հետո նաեւ կապում էինք այդ փաստերը իրավական նորմերի հետ։ Հիմա նոր ոճ է ձեւավորվել այդ հարթակում, ստացվում է, որ բոլորը պետք է իրենց կողմից ներկայացվող դատավարական փաստաթղթերը համապատասխանեցնեն նրան»։

Արամազդ Կիվիրյանն ասում է՝ հարթակում տեխնիկական խնդիրները շատ են, սկսած հայցադիմումի հետվերադարձից մինչեւ փաստաթղթերի՝ դատարան պատշաճ եւ ամբողջական չհասնելը․ «Մուտքագրվում են այդ հարթակի միջոցով հայցադիմումները, կցվում են փաստաթղթեր, սակայն երբ դատարանը դրանք ստանում է, տեխնիկական անհայտ պատճառով չի տեսնում այդ փաստաթղթերը, եւ տեղի է ունենում հայցադիմումի հետվերադարձ։ Այսինքն՝ յուրաքանչյուր հայցադիմում մուտք անելիս պետք է կապ հաստատել տեխնիկական բաժնի հետ։ Հետվերադարձի դեպք  է եղել, երբ դուք մուտքագրում եք հայցվորի եւ պատասխանողի տվյալները, որից հետո երբ հայցադիմումը ներբեռնում եք, այնտեղ որոշակի տվյալներ չեն երեւում։ Եվ դատարանն այդ դեպքում հետվերադարձ է արել։ Ստիպված նկարագրական հատվածում կրկին արտատպում ենք այդ տվյալները»։

Դատարաններում նույնպես տեխնիկական խնդիներ տեսնում են։ Երեւանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասում է՝ խնդիրներ կան, որոնք գործարկման փուլում կարող են շտկվել․ «Աշխարհը գնում է տարբեր ոլորտների թվայնացման, Հայաստանի Հանրապետությունն էլ չպետք է հետ մնա արագ զարգացող աշխարհից։ էլեկտրոնային արդարադատությունը նորարարություն է մեր կյանքում։ Ինչպես ցանկացած նորարարություն, այնպես էլ էլեկտրոնային արդարադատությունն ունի տեխնիկական թերություններ։ Որ ասենք կատարյալ է, ապա դա սուտ է։ Մենք ստանում ենք եւ տարբեր բողոքներ , այո բազում են պրոբլեմները, բայց դրանք կիրառման փուլում պետք է փորձենք վերհանել եւ փորձենք շտկել»։

Դատարանի նախագահն ասում է, որ այժմ ձեւավորվել է աշխատանքային խումբ, որպեսզի տեխնիկական թերությունները վերհանվեն։ Վաղն էլ այդ խնդրի առնչությամբ քննարկում է տեղի ունենալու Բարձրագույն դատական խորհրդում։