Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում հաստատեց Բուսաբուծության աջակցության ծրագիրը:
Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ ներկայացնելով ծրագիրը՝ նշեց. «Ցավոք սրտի, վերջին տարիներին հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի եւ բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների նվազում է արձանագրվում, որը հիմնականում պայմանավորված է մշակության ցածր արտադրողականությամբ, արտադրանքի բարձր ինքնարժեքով, ցածր եկամտաբերությամբ եւ տնտեսական անարդյունավետությամբ:
Հայաստանում պարենային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով առաջարկվում է այս ծրագիրը, որն ուղղված է ոլորտում արտադրողականության բարձրացմանը եւ հողօգտագործողների եկամուտների ավելացմանը:
Այս ծրագրով նախատեսվում է 2024 թվականին փոխհատուցել մինչեւ 100 հեկտար մակերեսով հացահատիկային, մասնավորապես գարնանացան ցորեն, գարնանացն գարի, եգիպտացորեն, վարսակ, հաճար, հատիկաընդեղային, մասնավորապես, լոբի, ոլոռ, ոսպ, սիսեռ մշակաբույսերի եւ իհարկե, բազմամյա խոտաբույսերի՝ առվույտ, կորնգան, մշակության մեկ հեկտարի հաշվով կատարվող հիմնական աշխատանքների եւ սերմի արժեքի համար նախատեսված ծախսերի 50 տոկոսը: Հիմնական աշխատանքներ ասելով նկատի ունենք վարը, ցանքսը եւ բերքահավաքը:
Փոխհատուցումը կտրվի հետեւյալ չափերով.
Հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր մեկ հեկտար մակերեսի հաշվով 70 հազար դրամ, իսկ եգիպտացորենի մշակության դեպքում՝ 85 հազար դրամ,
Հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր մեկ հեկտար մակերեսի հաշվով՝ 100 հազար դրամ,
Բազմամյա խոտաբույսերի մշակության մեկ հեկտարի համար 110 հազար դրամ:
Նախարարը նշեց, որ այս ծրագրի արդյուքնում ակնկալվում է մշակվող վարելահողերի տարածքների ավելացում շուրջ 14 300 հեկտարով»:
Նախարարը տեղեկացրեց, որ ծրագիրը կիրականացվի մարզպետարանների և համայնքների միջոցով և տրամադրվող գումարի 3 %-ի չափով մոնիթորինգի գումարներ կհատկացվեն, որպեսզի չարաշահումներ չլինեն։
Նիկոլ Փաշինյանը հարցրեց, «Ոնց ենք անելու, որ այս ծրագրի արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, ոչ թե քրեական գործեր... Ակեղծ ասած՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ենք ստանալու, բայց հույս ունեմ, որ լոբի էլ կստանանք»։
Ի պատասխան՝ Պապոյանը նշեց, որ գյուղական համայնքի ղեկավարին գյուղացին հայտ է ներկայացնում, ասում է՝ ինչ է ուզում ցանել, ապա պայմանագիր է կնքվում։
«Այստեղ կարևոր է, որ հավաստագրված սերմերով պետք է ցանքն արվի։ Պետք է երևա սերմի գնումը, լաբորատորիաներից պետք է գնվի այդ սերմը։ Հաշվարկված է ամեն ինչ։ Օրինակ, լոբի ցանելու ու վարելու համար մեկ հեկտարի հաշվարկով անհրաժեշտ է 200 հազար դրամ, ու պետությունը դրա համար նախատեսում է տրամադրել 100 հազար դրամ գումար»,- հավելեց նախարարը։











