Դեռ 2020 թվականից է պարզ, սկսած Սոթքի դեպքերից, թե ինչ պրոցեսով է գնում դե ֆակտո սահմանագծումը, այն, ինչ պարտադրում է Ադրբեջանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը:
Նրա խոսքով, դա կատարվում է երկու եղանակով. «Մեկը GPS-ային, որը նույն Ալմա-Աթայի հռչակագիրն է: Իրենց կարծիքով լուրջ իրավական փաստաթուղթ են գտել, որի վրա բոլոր ստորագրողները թքած ունեն վաղուց: Երկրորդը, Ադրբեջանը գրավում է տարածքներ եւ ասում՝ վերջ, հիմա արդեն այս կետից ենք խոսում:
Միակ հանգամանքը, որ այս 3-4 տարիներին հետաձգել է անկլավ կոչվող տարածքների հանձնումը, իրականում Արցախն էր: Քանի դեռ Ադրբեջանն այդ ճակատը ուներ, հերթ չէր հասնում մյուսներին:
Դեռ Դիմդրության շարժման ժամանակ զառանցանքներ կային, որ Ադրբեջանը չի կարողացել իրավական հիմնավորումնե ներկայացնել, որ այդ անկլավ կոչված տարածքներն իրենն են: Այդ ժմանակ էլ ասվել է, դա ընդամենը փափուկ բարձ է: Հիմա արդեն ոչ Արցախը կա, ոչ ընդվզում կա, եւ իշխանությունների ձեռքերն ավելի անկաշկանդ են»,-ասաց Էլբակյանը:
Նրա խոսքով, տարածքներ հանձնելու մյուս վտանգավոր տեսակն էլ այն է, որ ասում են՝ կարա՞ք պահեք, եթե կարաք՝ պահեք, եթե չեք կարող, հանձնում ենք: «Այս մոտեցումներին դիպվածային կարգով հակադարձելն անիմաստ է: Այստեղ ավելի գլխից պետք է բռնել, ի վերջո, այս տարածաշրջանում հայկական ինքնիշխան նախագիծ պետք է լինի, թե՞ ոչ, ի վերջո, հայությունը որպես հավաքականություն, պետություն, պատրա՞ստ է իր հողերի համար կռիվ տալու, թե՞ ուզում է բավարարվել այն թերմացքներով, որն իրեն կնետեն միջազգային հանրությունը, հարեւանները եւ այլն: Հարցերի հարցը դա է»,-ասաց քաղաքագետը:
Նրա խոսքով, եթե Հայաստանը հանձնի Տավուշի մարզում 4 գյուղերը, ամբողջ առաջնագիծը քանդվելու է. «Սա շատ մեծ խնդիր է, որ դրանք վերջին առաջնագծերն են հնուց մնացած եւ նորմալ կահավորված: Ոչ առաջնագիծ է մնում, ոչ ճանապարհ է մնում; Սա Հայաստանի պաղեստինացում է մեծ հաշվով: Ադրբեջանցիները շատ պարզ գրում են, որ եւ Իրան գնացող, եւ Վրաստան գնացող ճանապարհները շուտով մեր վերահսկողության տակ կանցնեն»:











