Քրեակատարողական հիմնարկները բավականին բարդ համակարգ են՝ բարդագույն հարաբերություններով: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Ռեֆորմ ասվածը քիչ է, դա անելու համար մարդը պետք է համոզված լինի, որ ինքն ի վիճակի է դա անելու, համակարգին պետք է շատ լավ ծանոթ լինի; Դատախազական մոտեցումներով դու չես կարող համակարգը բերես այն վիճակին, որ ցանկալի է: Նախ պետք է այնտեղ մարդուն տեսնես որպես մարդ, միայն որպես մեղադրյալ տեսնելը քիչ է:

Դուք պետք է իմանաք, որ այնտեղ ախպերությունը շարունակում է մնալ արտոնյալ վիճակում՝ սկսած իրենց սենյակից, կահավորանքից: Եթե այդ փաստերը շարունակում են գոյություն ունենալ, ուրեմն մենք շատ հեռու ենք «ռեֆորմ» բառից: Էդ աշխարհը իր ուրույն տեղը հարմարվել է եւ իր հարմարվածությունը պարտադրում է նաեւ պետությանը: Պետությունը չի կարող հարմարվի իրանց խաղի կանոններին: Նրանք չեն կարող էնտեղից կառավարել դրսում պրոցեսներ»,-ասաց Անդրանիկ Քոչարյանը;

Նա հարցադրում արեց, թե պետք է հասկանալ, թե ոնց են հայտնվում թմրամիջոցները ՔԿՀ-ներում, երբ կան սարքավորումներ, որոնց դեպքում պետք է հնարավոր չլինի թմրամիջոցներ անցկացնել ՔԿՀ: