Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր՝ մարտի 26-ին, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին բացատրեց, թե քրեակատարողական հիմնարկներ ինչպես են ներթափանցում թմրամիջոցները՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հարցին, թե սարքավորումները դրված են, բայց դեռևս թմրամիջոցներ են մտնում ՔԿՀ-ներ։ 

«Ճի՛շտ եք, որ սկաներ դրած է, բայց սկաները միայն հանձնուկների հատվածում է դրված։ Այնտեղ թե՛ ծառայողները, թե՛, ճաշատեսակները, որ ոչ թե տեղում են պատրաստվում, այլ գնում է կատարվում, մտնում են առանց սկանավորման»,-ասաց նա։

Նախարարը տեղեկացրեց, որ արդեն ունեն վարչապետի կողմից հաստատում, ըստ որի՝ չինական համապատասխան ստանդարտացված ընկերության գնառաջարկով  առաջիկա մեկ կամ երկու ամսում տեղի է ունենալու գնում։

«Արմավիր ՔԿՀ-ում ստեղծվելու է համակարգ՝ և՛ ուտելիքի, և՛ հանձնուքի, և՛ ծառայողի, այլևս գոնե Արմավիր ՔԿՀ չի կարողանալու մտնել մարդ իր սննդով՝ առանց այդ սկանավորման։ Այսօր այդ համակարգը չունենք, դրա համար իդենտիֆիկացնել, թե վատ, ոչ պարկեշտ, կոռումպացված ծառայողի միջոցով է մտել՝ սխալ է։ Այսօր դռոնով էլ են կարողանում մտցնել, դրա համար թվայնացումով ենք հարցը լուծելու»,-ասաց նա։