Ընդդիմությունը հիմնականում մեղադրում է Կառավարությանը` տարբեր տեղերում իր ասածը չանելու մեջ: Այս մասին, յսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2023-ի կտարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Բովանդակային զրույցը եկել հասել է դրան, ես իրոք զարմանում եմ, որ մեր գործընկերները կարծում են, որ կարելի է 2018-ի, 2020-ի, 2022 թվականի սեպտեմբերի իրադարձություններից հետո ասածը համեմատել իրար հետ և փորձել դրա շուրջ բան գեներացնել: Այսինքն Բան չի փոխվել, պատերազմներ չեն եղել, սեպտեմբերյան հարձակումները չեն եղել, ՀՀ ներքաղաքական գործընթացները չեն եղել:
Իրականությունն այսօր շատ արագ է զարգանում, և Կառավարությունը դրա հետ հաշվի նստելու պարտավորություն ունի: իսկ ի՞նչ է խոսք տվել ընդդիմությունն ու ի՞նչ է կատարել: Ուզում եմ` գաք, օրինակ բերեք: Օրինակ պարոն Օհանյանն ասում էր, եթե մենք այն ժամանակ ընդդիմություն լինեինք, մենք էս էս քայլերը կձեռնարկեինք, խոսքը գնում էր պատերազմի ժամանակվա ԱԺ-ի մասին: Օրինակներ էիք բերում, բայց որևէ բան տեղի չի ունենում: Դուք դուրս եկաք փողոց, ասեցիք մենք մեր օրակարգով կվերադառնանք, այնուամենայնիվ, մենք էդ օրակարգը չենք տեսնում: Ժողովրդական լեզվով ասած, եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, ո՞րն է ձեր օրակարգը, ինչի՞ եք եկել: Անկեղծ չեմ հասկանում: Կգնաք ձեր ընտրողներին կպատասխանեք: Ես չեմ մտնում այդ դաշտի մեջ, որովհետև ձեր ընտրողները, մեր ընտրողները բավականին տարբերվում են»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Այնուհետև Սիմոնյանը դիմեց ընդդիմադիր մի քանի պատգամավորի և պատասխանեց վերջիներիս կողմից հնչող քննադատություններին.
«Արծվիկ Մինասյանը նույնպես ասում է հրաժարական տվեք: Պարոն Մինասյան, հարգելի գործընկերներ, էդքան օրհասական է վիճակը, հրաժարական է պետք, նոր բան կա՞ ասելու: Դուք բոլորով հրաժարական տվեք, և նոր ընտրություններ տեղի կունենան, բա խի՞ չեք հրաժարական տալիս, չեք կարողանում իրար մեջ պայմանավորվե՞լ: Օրակարգը չկա, դուք ձեր ասելիքը չեք արել, մեզ սպանելուց բռնած ինչ ասես խոսք տվիք մարդկանց, դավաճան ասեցիք, ի՞նչ արեցիք դուք ձեր ասածից որպես ընդդիմություն:
Ես շատ եմ սիրում, երբ տիկին Կյուրեղյանը ելույթ է ունենում, որովհետև նրա ելույթները միշտ համեմված են մի անիմաստ բանով: Հիմնականում ասում է վերջում և գնում է, որ հանկարծ իրան չպատասխանեն»,-ասաց նա:
Անդրադառնալով Գեղամ Մանուկյանին, նա ասաց, որ վերջինս իր խոսքի մեջ նշեց, որ 5800 զինծառայողից ատեստավորումն անցել է 2700-ը, դիմեց նրան, ասելով, եթե բոլորն էլ անցնեին, իմաստը որը կլիներ բարեփոխման. «Իսկ ով ասաց, որ բարեփոխումը նրա մասին է, որ 5 հազարից 5 հազարն էլ անցնեն»:
«Աննա Գրիգորյանը պաշտպանում է ՀԱՊԿ-ին, բա մեղադրելուց առաջ խի՞ չէիք ասել, որ դա ՀԱՊԿ տարածք է: Դուք պրոռուսական ընդդիմություն եք, գնացել եք, 10 հոգի Երևանի կենտրոնում գնդակահարած մարդու ցուցակով եկել եք ստեղ, դաշնակցականին ծեծով սպանած մարդու ցուցակով եկել եք ստեղ, բարոյականությունից եք խոսո՞ւմ: 2 տարվա մեջ 3 քաղաքական ուժ ես փոխել, նենց որ, ով խսա-խոսա, դու ձեւ արա, որ չես լսում»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:
«Էդ որ ՀԱՊԿ-ին պաշտպանում եք, տեսե՞լ եք ինչ է ասում ՀԱՊԿ-ը: ՌԴ ներկայացուցիչն ասում է՝ կոչ ենք անում Բաքվին եւ Երեւանին այդ ագրեսիվ հռետորաբանությունը նվազեցնել: Դուք սաղ օրը մեզ մեղադրում եք հակառակի մեջ, վեր է կենում մեր ու Բաքվի միջեւ հավասարության նշան է դնում: Մեկդ վեր կացեք, հայ եք, ասեք՝ էս ի՞նչ ես ասում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:











