Հյուսիսային պողոտայում հավաքված քաղաքացիները ֆորումի մասնակիցներին սուլոցներով և «Նիկոլ հողատու», «Նիկոլ դավաճան» վանկարկումներով դիմավորեցին: Ոստիկանները շարք են կազմել, որպեսզի քաղաքացիները չխանգարեն ֆորումի մասնակիցներին տեղափոխող ավտոբուսների երթևեկությանը:

Մի շարք ոստիկաններ՝ հատուկ հանդերձանքով և արցունքաբեր գազը ձեռքներին են հսկում Հյուսիսային պողոտայից դեպի Օպերա տանող անցումը:

Հիշեցնենք, որ Թումանյան փողոցը Հյուսիսային պողոտային հարող հատվածում ամբողջությամբ փակված է մետաղյա ձողերով։ Ոստիկաններն արգելում են քաղաքացիների անցումը Մաշտոցի պողոտայով:

Հիշեցնենք՝ ժամը 16:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է  Նիկոլ Փաշինյանը, իսկ Բագրատ Սրբազանի կոչով բակում տեղի է ունենալու բողոքի ակցիա։

Այս պահին ոստիկանական մեծաթիվ ուժեր են բերվել Երեւանի կենտրոն: Ոստիկանական բազմաթիվ մեքենաներ են կայանված Օպերայի շենքին հարակից հատվածներում: Կադրերում երեւում է, որ  ոստիկաններին մահակներ են բաժանում:

Մետաղյա արգելապատնեշներով փակվել են Օպերայի շենքը շրջապատող փողոցների մայթերը: Արգելապատնեշներով շրջափակված է նաեւ Ազատության հրապարակը, որտեղ սպասվող միջոցառման շրջանակներում տաղավարներ եւ սեղաններ են տեղադրված: Քաղաքացիները ստիպված են շրջանցել արգելապատնեշները: