ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը։

Հարցին՝ քննարկե՞լ է արդյոք Հարությունյանը անկախ պատգամավորի հետ քաղաքական հարցեր՝ հաշվի առնելով, որ նրա ստորագրությունից կարող է վճռորոշ լինել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց սկսելու հարցում, վերջինս ընդգծեց․ «Չեմ քննարկել նման հարցեր։ Այն միջոցառումները, որ մենք իրականացնում ենք համատեղ, բացառապես վերաբերում են բացառապես հասարակական, սպորտային, մարզական հարցերին։ Կամ վերաբերում են համահայկական խաղերին, առաջիկա ձմեռային խաղերին, որոնք տեղի են ունենալու Ջերմուկում»:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին անվստահություն հայտնելու հետ կապված հարցին, Հարությունյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Զաքարյանը ներկայանալու է ԱԺ հաջորդ նիստին, ուստի այդպիսի հարցերը կարող են քննարկել նրա հետ։