Եթե կարճ գնահատենք դուք արտաքին հարաբերությունների մասով բյուջեն ծախսել եք աննպատակ, որովհետև կառավարության ծրագիրը չեք կատարել մի քանի ուղղություններով։ Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում 2023 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԳ նախարարին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
«ՀԱՊԿ մասով, օրինակ, ծրագրում մի բան է գրված, դուք բոլորովին այլ բան եք արել, Արցախի խնդրով ընդհանրապես հակահայկական գործունեություն է կատարվել, այն ինչ գրված է կառավարության ծրագրում դրա ճիշտ հակառակն է արվել, Ցեղասպանության հարցում որևէ խնդիր արտաքին օրակարգի վրա չի դրվել, այսպես կարելի է շարունակել։ Սրանք բոլորը ձեր կառավարութան ծրագրից բխող քայլեր էին, որ պետք է կատարվեին, բայց չեն կատարվել մինչ հիմա»,- ասաց նա։
Ըստ Ռուստամյանի՝ արվել է ճիշտ հակառակը՝ կատարվել են Ադրբեջանի պահանջները, օրինակ, հենց նույն սահմանազատման սահմանագծման մասով. «Դա արվում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանը պահանջում է մի բան, դա հիմնավորում եք ու սկսում իրականացնել, այդ թվում նաև Սահմանադրության փոփոխության հարցը․ Հայաստանում օրակարգ է բերվում դա։
Արդյունքում դառնում է ինչ-որ մենք բյուջեով ծախսեր ենք նախատեսում, որ չկատարվեն ծրագրով նախատեսված պահանջները։ Այս առումով բյուջեի կատարողականը ինչպե՞ս եք գնահում որպես օգտակար ու արդյունավետ»,- ասաց պատգամավորը։
Արարատ Միրզոյանը նշեց, որ չի կիսում Ռուստամյանի գնահատականները, այլև ռազմավարական երկարաժամկետ հիմնարար առումով այն մոտեցումները, որից ելնելով ներկայացնում է իր գնահատականները, համարում է մոլորություն առնվազն, իսկ ավելի լուրջ գնահատմամբ՝ կործանարար ՀՀ համար։
«Մտածելակերպ, որ պատճառն է եղել այն աղետների ու արհավիրքների, որոնց մենք բախվել ենք վերջին տարիների ընթացքում։ Հենց այդ մտածելակերպն է տասնամյակներով մեզ ներարկված՝ ներսից, դրսից։ Այդ մտածելակերպն է, որ մեզ կանգնեցրել է այն կոտրած տաշտակի առջև, որի առջև կանգնած ենք վերջին տարիների ընթացքում։ Դուք ձեր տված հարցին ավելի լավ կպատասխանեիք, եթե իմ տեղը նստած լինեիք, և ձեզ շատ ավելի լավ «կչորեիք» քան ես եմ ինձ թույլ տալիս»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին Միրզոյանը նշեց, որ օրակարգի մաս Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ո՛չ մեր, ո՛չ Ադրբեջանի սահմանադրական փոփոխությունները չեն կազմում։











