Ադրբեջանի խաղը շատ պարզ ու հասկանալի է. եթե դուք գործ ունես մի կողմի հետ, որը պատրաստ է հանուն իր պատկերացրած խաղաղության գնալ զիջումների, ուրեմն պիտի փորձես մինչև վերջ էդ զիջումները ստանալ: Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը:

«Ինչ իմաստ ունի համաձայնել, եթե դեռ հնարավորություն կա զիջումներ պահանջելու, և զիջումները ոչ միայն տարածքային են, այլև առնչվում են Սահմանադրությանը: Պատկերացումները՝ ինչ է հնարավոր ստանալ հայկական կողմից, չեն սպառվում միայն տարածքային հարցերով: Իրենք համոզված են, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է այդ զիջումներին, որովհետև ինքն է բազմիցս հայտարարել, որ խաղաղությունը կախված է նրանից, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ ինքը: Նույնիսկ Հայաստանի տնտեսական զարգացումը կախված է այդ հարցից»,-ասաց քաղաքագետը:

«Դու տալիս ես ինչ-որ բան, մյուս կողմն ասում է՝ այստեղ էլ ունենք ստանալու բան, սա էլ տուր ինձ, ու դու ասում ես՝ հա դե պետք է տամ. եթե չտամ, խաղաղություն չի լինի: Եթե դա է քո բանակցային մոտեցումը, միշտ պետք  է զիջես, պետք  է տաս մյուս կողմին այն, ինչը ինքը պատրասատ է վերցնել: Ուղղակի ներսում խնդիրներ առաջացան պարոն Փաշինյանի համար, դրանք են զսպում նրան, այլապես ինքը գնալու էր, իրագործելու էր իր պատկերացրած տեսլականը, թե ինքը խաղաղություն է բերում: Բլինքենն էլ կասեր՝ էս ինչ գերազանց քաղաքական գործիչ ես, նույնիսկ Նոբելյան մրցանակ կստանար խաղաղության համար: Բայց այդ խաղաղությունն ի՞նչ գնով: Մենք տեսել ենք իրական մրցանակներ ստացած քաղաքական գործիչներ, որոնց անունը չեն էլ ուզում հիշել այսօր»,-հավելեց նա:

Անդրադառնալով Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, քաղաքագետն ասաց, որ իշխանություններին թվում էր, թե կարող են ճնշումների միջոցով չեզոքացնել այն, սակայն չստացվեց:

«Իրենք համոզված են, որ շարժումը կարող է նոր թափ ստանալ, եթե իրենք նոր զիջումներ ձևակերպեն ադրբեջանական կողմի համար: Դրանում է խնդիրը, թե չէ իրենք պատրաստ էին ամեն ինչ էլ տալ, ու դա կկոչվեր ժողովրդավարություն և ժողովրդավարական խաղաղություն»,-ասաց Արթուր Մարտիրոսյանը:

Քաղաքագետի խոսքով, Ադրբեջանը ժամանակի ընթացքում պահանջելու է բոլոր անկլավները, և ըստ իր ընտրած քարտեզի դարձնելու է ադրբեջանական տարածքներ: Խնդիրն այն է, որ Ադրբեջանը իր անկախության հռչակագրում նշում է, որ ինքը առաջին պետության իրավահոջորդն է, այսինքն մերժում է խորհրդային տարիները, սակայն Հայաստանից զիջումներ է պահանջում խորհրդային քարտեզներով, իսկ Հայաստանը ընդունում է դա, որովհետև այդպիսին է իշխանությունների պատկերացրած խաղաղությունը: