Լոռու մարզի Պրիվոլնոյե գյուղում երկու շաբաթ առաջ տեղացած կարկուտի հետևանքով վնասվել էր Սահակյանների ընտանիքին պատկանող տան տանիքը. օրեր շարունակ տեղացող անձրևը տանիքի վնասված թիթեղների ճեղքերից ներս է լցվում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում 65-ամյա Լևոն Սահակյանը պատմում է՝ անձրևների ժամանակ դույլեր են դնում սենյակներում, որպեսզի անձրևաջրերը հատակի փոխարեն դույլերի մեջ լցվեն:
«Սելավը հա՛մ տուն էր լցվում, հա՛մ էլ գոմ: Կովերը ոնց որ դուշի տակ լինեին»,-պատմում է նա:
Լևոն Սահակյանն ասում է՝ փորձել է ձեռքի տակ եղած նյութերով վերանորոգել տանիքը, չի ստացվել, հիմնանորոգելու համար էլ բավական գումար չունեն:
«2 մլնից ավել վնաս կա. 36 հազար դրամ թոշակ եմ ստանում, 40 հազար դրամ էլ կինս. գումարը հազիվ է բավականացնում տան ծախսերը հոգալուն, անգամ դեղերը չենք կարողանում գնել: Գնացի բանկ, ուզում էի գոնե 600 հազար դրամ վարկ վերցնել, տանիքը սարքել, հետո մի բան կմտածեի, վարկը կփակեի: Բայց դե թոշակառու եմ, չտվեցին»,-ասում է նա:
Լևոն Սահակյանի խոսքով, վնասի գույքագրման աշխատանքներ գյուղի վարչական ղեկավարությունն իրականացրել է, սակայն Տաշիրի համայնքապետարանը աչքաթող է արել խնդիրը:
«Տարել եմ նկարը ցույց եմ տալիս, որ սելավը լցվել ա տուն, իրանք մի վայրկյան նայեցին ու մի կողմ դրեցին հեռախոսը»,-ասում է նա՝ նշելով, որ խոստացել են զանգահարել, բայց մինչև օրս ոչ ոք իրեն չի զանգահարել:
Սահակյանների ընտանիքը միակը չէ, որ տուժել էր կարկուտից: Գյուղի վարչական ղեկավար Էմիլ Գրիգորյանի խոսքով կարկուտի հետևանքով մոտ 40 տան ու անասնագոմի տանիք էր վնասվել, 30 հեկտար ցորենի արտերն էին վնասվել:











