Երևանի Ազատության պողոտա 14/3 հասցեի հին կաթսայատան փոխարեն մինչև հաջորդ տարի կարող է եռահարկ ախտորոշիչ կենտրոն լինել։ Երևանի քաղաքապետարանի տված շինթույլտվությանը սակայն դեմ են շենքի բնակիչները։
Շինթույլտվությունը, որը տրված է եղել 2020 թվականին, իրավական նորմերին համապատասխանում է, NEWS.am-ի հետ զրույցում վստահեցնում է ներդրումը կատարած Զավեն Օվսյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանը․
«Բոլոր շինարարական նորմերը պահպանված են։ Այն երբևէ կասեցված չի եղել։ Նախկին սեփականատերը որոշել է այն 2023-ին օտարել, իսկ իմ վստահորդն այն որոշել է այն ձեռք բերել և ներդրում կատարել։ Սեփականության իրավունքով այժմ այդ տարածքը պատկանում է իմ վստահորդին։ Այն երբեք չի եղել բնակիչները սեփականությունը կամ իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք չի եղել»։ Հին կաթսայատունն այժմ բնակիչներն օգտագործում են որպես աղբանոց։ Փաստաբանն ասում է՝ նախագծի՝ կյանքի կոչվելու դեպքում այն բնակիչների համար նույնպես շահավետ է լինելու։ «Այնտեղ իրապես հակասանիտարական վիճակ է։ Ներկայիս սեփականատերը իրականացնելով այնտեղ շինարարական աշխատանքներ՝ կվերացնի այդ հակասանիտարական վիճակը, որը կարծում եմ՝ բխում է նաև բնակիչների շահերից»,- նշում է փաստաբանը։
Փաստաբանի խոսքով՝ բնակիչները նպատակ ունեն հին կաթսայատունը օգտագործել որպես ավտոկայանատեղի, նաև մտավախություն ունեն, որ շինաշխատանքները կարող են վնասել իրենց շենքերի սեյսմակայունությունը, ավտոմեքենաների տեղաշարժի դժվարություններ ստեղծել բակային տարածքում։ Փաստաբանը վստահեցնում է, բոլոր այս մտահոգություններն անհիմն են։
«Առկա շինությունը, որը որ կա, քանդվելու է, մաքրվելու է այդ տարածքը, և այնտեղ կառուցվելու է երեք հարկանի հասարակական նշանակության օբյեկտ։ Իրենք որպես ավտոկայանատեղի օգտագործում են շենքի հարակից հատվածները, որոնք, ըստ էության, շարունակելու են լինել։ Այսինքն՝ այնպես չէ, որ այնտեղ փակվելու է ավտոկայանատեղին և իրենք չեն կարողանալու իրենց ավտոմեքենաները կայանել։ Շինարարությունը կարող է առաջանալ բացառապես շինարարության ընթացքի ժամանակ, որը, հասկանում եմ, որ բնակիչներին որոշակի անհարմարություն կարող է պատճառել»,- նշեց Կիվիրյանը։
Արամազդ Կիվիրյանն ասում է՝ հասարակական նշանակություն ունեցող օբյեկտը կառուցվելու է շինարարական բոլոր նորմերին համապատասխան։ Այն չի խանգարելու ոչ բնակելի շենքերի լուսավորությանը, ոչ էլ բնակիչների ազատ տեղաշարժին, ունենալու է թեք տանիք, որը նույնիսկ վիզուալ կփոքրացնի շենքի չափերը։
«Խոսքը վերաբերում է մի տարածքին, որն ունի սեփականատեր․ այսինքն՝ ինքը նույնպես պաշտպանված է սեփականության իրավունքով։ Այստեղ որևէ մեկը սեփականության իրավունքի մասով չպետք է ունենա գերակայություն»։
Փաստաբանն ասում է՝ սեփանակատերը փորձել է մի քանի անգամ հանդիպել բնակիչների հետ, կոմպրոմիսային տարբերակներ առաջարկել, քննարկել, սակայն բնակիչներն այս ուղղությամբ որեւէ քայլ չեն արել։











