PR-ի համաշխարհային օրը Հայկական PR ասոցիացիան հայտարարեց PR մրցանակաբաշխություն 2024-ի հաղթողների անունները։ Ասոցիացիան 2016 թվականից իրականացնում է ոլորտային գիտական հետազոտություններ, որոնց արդյունքներն ամփոփվում են Հայկական PR մրցանակաբաշխության ժամանակ։ Մոտ մեկ տարվա ընթացքում ասոցիացիայի գիտահետազոտական կենտրոնն ուսումնասիրում է տարբեր ոլորտներում հանրության ուշադրությանն արժանացած ծրագրերն ու նախաձեռնությունները, պետական հաստատությունների կողմից վարվող հաղորդակցային քաղաքականությունը, հանրային կապերի մասնագետների աշխատանքը, նաև հանրային կապերի մասնագետների փոխհարաբերությունները։
«Յուրաքնաչյուր տարի մեր ուսումնասիրությունները բերում են նաև նոր անվանակարգեր։ Այս տարի առաջին անգամ մենք ունենք թվային PR և Թվային ինֆլուենսեր անվանակարգերը, որովհետև արդեն զանգվածային լրատվության միջոցներին զուգահեռ թվային միջավայրում կարողանում են ակտիվ գործունեություն ծավալել և լրատվամիջոցի գործառույթ են վերցրել իրենց վրա»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR դպրոցի հիմնադիր, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ․գ․թ․ Աստղիկ Ավետիսյանը։
Տարվա թվային ինֆլուենսեր անվանակարգում մրցակիցներ չունի Կամո Թովմասյանը։ Այս անվանակարգում ամեն տարի ընտրվելու է միայն մեկ հոգի։ Թվային PR անվանակարգում հաղթողը Թովմաս Առաքելյանի «Քրիստոնեական արժեքների հանրայնացում» նախագիծն է։ Ճգնաժամային կառավարման մրցանակը հանձնվում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանին։ Նորարական PR- -ն Ինժեներական քաղաքինն է, Տարվա մամուլի քարտուղարը Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակը, իսկ տարվա իրադարձությունը՝ Ապագա հայկականը համաժողովը։
Ավանդական անվանակարգերից է տարվա հանրային գործիչը։ Մրցանակը հանձնվեց բարերար, մարդասեր, գործարար, Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի հիմնադիր, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանին։ 2023-ի սեպտեմբերին Արցախի բռնի հայաթափումից հետո Արցախից Հայաստան մեկնելու ճանապարհին նա մյուս հայ գործիչների հետ Ադրբեջանի կառավարության կողմից ապօրինի ձերբակալվեց ու մինչև հիմա անազատության մեջ է։ Ռուբեն Վարդանյանի մրցանակը ստացավ դուստրը՝ Մարիա Վարդանյանը։ Նա երախտագիտություն հայտնեց, որ արդարության համար պայքարը շարունակվում է։ «Չնայած ծանր հանգամանքներին՝ անտարբեր չեք մնում։ Շնորհակալ եմ դրա համար»,- հայտարարեց Մարիա Վարդանյանը։

Տարվա քաղաքական գործչի մրցանակը հանձնվեց Արմեն Աշոտյանն է։ Քանի որ նա անազատության մեջ, մրցանակը հանձնվեց կնոջը։

Տարվա նախաձեռնություն մրցանակը հանձնվեց «Հայաքվե»-ին է։ Հանրային, մշակութային մի խումբ գործիչներ, նախկին պաշտոնյաներն ու պատգամավորներ 2023-ին ստորագրահավաք սկսեցին Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով։ Նախաձեռնության հեղինակներն առաջարկում էին լրացում կատարել Քրեական օրենսգրքում և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող, նաև Հայերի ցեղասպանությունը ժխտող պաշտոնատար անձանց համար սահմանել պատիժ՝ 10-15 տարվա ազատազրկում։ Նախաձեռնության մրցանակը հանձնվեց Ավետիք Չալաբյանին։

Տարվա մշակութային PR մրցանակը հանձնվեց Երևանի քաղաքապետարանին` «Օպերա բաց երկնքի տակ» նախաձեռնության համար։ Հայաստանում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը հաղթող ճանաչվեց իմիջային PR անվանակարգում։ Մշակութային բազմաթիվ ծրագրերի և նախաձեռնությունների հանրայնացման համար հատուկ մրցանակի արժանացավ Դավիթ Գրիգորյանը։ Գոռ Փելեշյանը նույնպես ստացավ հատուկ մրցանակ՝ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնը հանրային մեծ լսարաններին հասանելի դարձնելու համար։

Հայկական PR ասոցիացիայի նախագահ, Հայկական PR դպրոցի հիմնադիր Աստղիկ Ավետիսյանն անգնահատելի է համարում հանրային կապերի դերը բոլոր ոլորտներում՝ լինի պետական կառավարման համակարգ, գործարար միջավայր, թե մշակութային նախաձեռնություն։ «Ռազմավարական հաղորդակցությունը հնարավորություն է տալիս կազմակերպություններին արդյունավետ կերպով հաղորդակցվել իրենց թիրախային լսարանների հետ, ձևավորել և պահպանել իրենց հեղինակությունը, ինչպես նաև արագ արձագանքել ճգնաժամային իրավիճակներին։ Հայաստանում, հանրային կապերի ոլորտը զարգացման հետաքրքիր փուլում է, մենք այսօր ունենք պրոֆեսիոնալ PR մասնագետներ, որոնք ձգտում են նորարարական լուծումներով ներկայանալ հանրույթին՝ կիրառելով առաջադեմ մեթոդներ և տեխնոլոգիաներ։ Սակայն մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ շատ ղեկավարներ նախընտրում են հասարակության հետ շփվել ուղիղ հաղորդակցության միջոցով, քարոզչական մեթոդներն օգտագործելով և անտեսելով հետադարձ կապի կարևորությունը։ Այսօր վստահորեն կարող ենք ասել, որ եկել է ղեկավարների կրթման ժամանակը, այն ղեկավարների, որոնք անտեսում են հասարակության հետ հաղորդակցումը։ Հանրային կապերի ոլորտում հաջողությունը կախված է ռազմավարական և ստեղծարար մտածողությունից, ճկունությունից և գաղափարներ առաջխաղացնելու պատրաստակամությունից»,- նշեց Աստղիկ Ավետիսյանը։
Հայկական PR ասոցիացիան հետազոտության ընթացքում հարցման է ենթարկել թվով 9800 մարդ, որից 6700-ը` կին և 3100-ը` տղամարդ: Խորքային և մանրամասն հարցազրույցներ են իրականացվել 280 ոլորտային մասնագետների հետ։ Փորձագիտական հարցման է ենթարկվել 120 հանրային կապերի մասնագետ, 99 տարբեր լրատվամիջոցներում աշխատող լրագրողներ։ Իրականացվել է 42 ֆոկուս խմբային հանդիպում, յուրաքանչյուր խմբում՝ 12 ներկայացուցիչ, ընդհանուր հաշվով 504 մարդ, որից 287-ը կին, 217-ը՝ տղամարդ, որից 16-25 տարեկան 105 հոգի, 25-35` 80, 35-45` 159, 45-60`81 և 60-ից բարձր՝ 79 մարդ: Նշենք, որ ֆոկուս խմբերում ներառվել են ինչպես մայրաքաղաքային, այնպես էլ Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչներ։ Դիտարկվել են սոցիալական մեդիան, ԶԼՄ-ներն ու տեղեկատվական տարբեր ալիքներ։ Հարցման ենթարկված Զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները գնահատել են հատկապես պետական կառավարման համակարգում հանրային կապերի մասնագետների աշխատանքը։ Մշտադիտարկումից և որակական վերլուծությունից հետո ավտոմատացված համակարգերի միջոցով իրականացվել է քանակական վերլուծություն, որից առանձնացվել է լավագույն տասնյակը, հետագայում նաև լավագույն եռյակը։ Իսկ պրոֆեսիոնալ և հեղինակավոր մասնագիտական հանձնաժողովի անդամները փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրել են լավագույնին։
Հայկական PR ասոցիացիան PR մրցանակաբաշխության առաքելության առանցքում հանրային կապերի մասնագետների դերի բարձրացումն է, խրախուսումն ու արժևորումը։











