Մենք տեսանք, որ գարնանը սկսված շարժումը շատ մեծ թափ հավաքեց, նույնիսկ իշխանությունը մի պահ շատ վախեցած էր, հիմա էլ շարժումը վերապրոֆիլավորվում է, ավելի կազմակերպված է դառնալու: Այս մասին NEWS.am-ի հետ րույցում նշեց «Հայաքվե» նախաձեռնության խորհրդի անդամ Արամ Պետրոսյանը:
«Այս պահին Հայաստանում շատ շոգ է, մարդիկ էլ հիմնականում արձակուրդում են, հետեւաբար, այս պահին ակտիվ գործողություններ չեն լինի: Ինքներս էլ հասկանում ենք, որ աշնանը ինքը նորից է գնալու զիջումների, նորից է գրգռելու ժողովրդին: Եթե ինչ-որ բան էլ ժողովուրդը պակաս է անում, դա առնվազն ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների սխալի արդյունքում է»,-ասաց նա:
Անդրադառնալով նրան, որ մի քանի քաղաքական ուժեր հանդես են գալիս ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը, Արամ Պետրոսյանն ասաց. «Քանի որ Հայաստանին մեծ աղետ է սպասվում, իշխանությունն իր պրոքսի կուսակցությունների միջոցով շոուի նման մի բան է պատրաստելու, որը հետագայում կարդարացնի ռուսական հնարավոր սանկցիաները: Կասեն՝ տեսեք, ժողովուրդ ջան, մենք ուզում էինք գնայինք ԵՄ, բայց Ռուսաստանը խանգարում է:
Սա շոու է, որը կպատճառաբանի այն աղետը, ինչը բերելու է իշխանությունը:
Մենք այս ամենի արդյունքները տեսնելու ենք աշնանը: Մարդիկ հավատալու են, որ լավ է ԵՄ գնալը, բայց իրատեսական ռեալ պոլիտիկում մոտակա տասնամյակներում դա հնարավոր չէ»:











