Միշտ են ինձ ասում՝ վերադարձեք պաշտոնին, իմ իրավունքներն, ըստ էության, պահպանվում են, բայց այս պահին, այս պայմաններում անիմաստ եմ համարում իմ իրավունքերի վերականագնման համար խոսելը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 31-ին, դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց Վանաձորի նախկին համայնքապետ Մամկոն Ասլանյանը։
«Այն, ինչ իմ նկատմամբ իրականացվել է և դեռևս իրականացվում է, այս պահին ես պաշտոնի, աթոռի մասին չեմ մտածում: Ես ավելի գլոբալ եմ մտածում, որպես նաև տասնամյակների ստաժ ունեցող իրավաբան, որ մեր երկրում պետք է կայանան այն իրավական ինստիտուտները, որոնք որոշում են մարդկային ճակատագրեր։ Ես որոշակի դիմակայունություն ունեմ, բայց մարդիկ կան, որ կարող են հայտնվել այդ հորձանուտ ու կորցնել իրենց։
Հետեւաբար, կարծում եմ՝ դատական և իշխանության մյուս թևերը պետք է կարողանան գործել անկախ, անկախ դատական իշխանությունը պետք է կայանա և իրավական համակարգը զերծ կմնա քաղաքական ճնշումներից, որը տեսել եմ, և հուսով եմ հետագայում չեմ տեսնի»,-ասաց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ Վանաձորի նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։











