Սևանի դատարանում այսօր՝ հուլիսի 31-ին, 15 զինծառայողի կյանք խլած զինվորական կացարանի հրդեհի գործով նիստին վկա Արսեն Սողոմոնյանի հարցաքննությունից հետո ցուցմունք տվեց գործով ամբաստանյալ Եղիշե Հակոբյանը։
«Կրիշից դղրդոց եմ լսել ու պայթյունի ձայն, մինչև հրդեհն էլ տանիքից ոնց որ քարով խփեին։ Ես ասել եմ մոտավորապե 12 րոպե, ես նշել եմ, որ կարող է քիչ էլ լինել ժամանակը։ Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչու տղաները դուրս չեկան։ Ննջարանում կրակ չի եղել, չի մտել իմ մտնելուց հետո։ Գալիս նենց, որ շմոլ գազից են խեղդվե՞լ։ 2 հոգին կարողացել են դուրս գալ, մնացածը խեղդվել են։ Եթե 2-ը կարողացան դուրս գալ, ինչպե՞ս չկարողացան մյուսներին արթնացնել։ Ամեն ինչը պե՞տք է կապենք հրդեհի հետ»,- նշեց նա։
Եղիշե Հակոբյանն ասաց, որ զինծառայողներ Գարուշին ու Ռադիկին տեսել է կացարանի պատուհանից դուրս գալը։
Ծնողների հարցին՝ արդյո՞ք զինծառայողներին մինչև հրդեհը սպանել, Հակոբյանն ասաց․ «Չէ»։
Հակոբյանի խոսքով՝ 3 զինծառայողները չեն գնացել ջրի․ «Ես այրվածքներ ստանալուց հետո գնացել եմ լվացվելու, տեսել եմ, որ ջուր սառած է»։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։











