Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն ակցիաների շարք է սկսել՝ ընդդեմ քաղաքային տրանսպորտի թանկացման։

Արաբկիր վարչական շրջանում իրականացվող իրազեկման ակցիայի ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ երևանցու վճարած տրանսպորտի գումարների զգալի մասը չի հասնում քաղաքային բյուջե։ Մանուկ Սուքիասյանը դա որակել է թալան և բյուջեի մսխում։

«Երևան քաղաքը պետք է ունենա արժանապատիվ և ժամանակակից ուղևորափոխադրում, և երևանցին չպետք է կքանստած երթևեկի, կանգառասրահներում կես ժամ, 40 րոպե սպասելով մի կերպ հասնի տուն, և այդ ամենի համար ավելի թանկ վճարի»,–նշեց նա։

Մանուկ Սուքիասյանի խոսքով, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունն առաջիկա նիստում ներկայացրնելու է նախագիծ, որով քաղաքային տրանսպորտը մեկ ուղևորափոխադրման համար մնալու է 100 դրամ, շատ օգտվելու դեպքում գինը կլինի 100 դրամից էլ ցածր, իսկ թոշակառուների և հաշմանդամների համար քաղաքային տրանսպորտը կլինի անվճար։