Իշխանության լկտիության դրսևորումներից է նաև Գյումրիում տեղի ունեցողը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։
«Գյումրիում տեղի է ունեցել հետընտրական երկրորդ ընտրակեղծիքը, 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանը նոր տեխնոլոգիա մտցրեց ընտրակեղծիքների մեջ, գնալով ոչ թե նախընտրական, այլ հետընտրական ընտրակեղծիքների։ Դա նշանակում է՝ քաղաքացու քվեն կեղծվում է ընտրություններից հետո»,- նշեց Անդրանիկ Թևանյանը։
Նա հիշեցրեց նաև Վանաձորի ու Ալավերդիում տեղի ունեցած իրադարձությունները․
«Քաղաքացին ընտրում է Մամիկոն Ասլանյանին, ինքն ընտրություններից հետո «գործ է կարում», ձերբակալում, ապա կալանավորում ու փոխում ընտրության արդյունքները։ Քաղաքացին Ալավերդիում այլ ուժի է ընտրում, ինքն այնտեղ վերաձևում է, քաղաքացին Երևանում մերժում է ՔՊ-ին, իրենք առևտրով պայմանավորվում ու ձևավորում են նոր իշխանություն։ Նույնը տեղի ունեցավ Գյումրիում։ Քանի որ գործարքը «Բալասանյան» դաշինքի հետ էր, ու «Բալասանյան» դաշինքն էլ բարձր վարկանիշ չուներ։ 2021-ին բոլոր այն ուժերը, որոնք մասնակցում էին Գյումրիի ընտրություններին, բացի ՔՊ-ից բոլորը ընդդիմադիր բառապաշարով էին մասնակցում, այդ թվում՝ «Բալասանյան» դաշինքը, ընտրություններն ավարտվեցին ու ՔՊ-ն կոալիցիա է կազմում «Բալասանյան» դաշինքի հետ։
Փորձը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության գալը դա նույնն է՝ ժամանակին երիտթուրքերի հետ պայմանավորվեին, որ օրինակ՝ մեր գյուղերին բան չի լինի, բայց գային ու հենց իրենց էլ կոտորեին։ «Բալասանյան» դաշինքը մտածեց երիթքպականների հետ պայմանավորվել է և իրեն ոչինչ չի սպառնա»։
Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ «Բալասանյան» դաշինքի ու ՔՊ-ի միջև տեղի է ունեցել քաղաքական առևտուր, ինչը, սակայն ի օգուտ ՔՊ-ի այլ ավարտ ունեցավ․ «Նրանց ստիպում են հրաժարական տալ, և տեղի է ունենում առևտուր․ գիտենք, որ գործեր կան կարված, ապօրինի գույքեր և այդ մարդը բիզնեսի շահից ելնելով երկրորդ քաղաքը դնում է սեղանին ու ՔՊ-ի հետ գնում գործարքի։ Եթե ձեր բիզնեսները կսննկացնեն ՔՊ-ի հետ չհամագործակցելու համար, ապա մի մտեք քաղաքականություն, ձեզ ո՞վ էր թույլ տվել մտնել Գյումրի և հանձնել Գյումրին։ Եթե դուք գործարքի եք գնալու հայրենիքի հաշվին, քաղաքի ու գյուղի հաշվին ու թողնեք, փախչեք, դա դասալքություն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։











