Արդեն անցել են այն ժամանակները, երբ մենք նման նշանակումների դեպքում ասում ենք երիտասարդ և անփորձ, սա այն դեպքն է, երբ կարող ենք ասել երիտասարդ և փորձառու: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, ՏԿԵ նախարարությունում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ով այստեղ էր եկել ներկայացնելու նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանին:

Նա հավելել է, որ Դավիթ Խուդաթյանը բավականին երկար ժամանակ զբաղեցրել է Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը, գրեթե մեկ տարի Արմավիրի մարզպետի պաշտոնն էր զբաղեցնում, որը նույնպես պակաս կարևոր փորձառություն չէ:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ նախարարության օրակարգը մեծ է, ռազմավարական և  համոզմունք հայտնել, որ Գնել Սանոսյանն ունենալով հնարավորությունների և խնդիրների մասին ահռելի ծավալի ասելիք, պատրաստակամ կլինի դա կիսել, իսկ Դավիթ Խուդաթյանը պատրաստակամ կլինի դրանք լսել, ընդունել և հետևություններ անել:

Գնել Սանոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վարչապետին ՏԿԵ նախարարի պաշտոնն իրեն վստահելու, համատեղ աշխատանքի համար: «Ոչ միայն նախարարության ընթացիկ աշխատանքներն ու ոլորտներն են շատ, և այդ ոլորտներում փորձել ենք բազմաթիվ աշխատանքներ անել, այլ նաև մի շարք չպլանավորված բարդագույն իրավիճակներ են եղել և փորձել ենք գործընկեր գերատեսչությունների, նախարարության ոլորտային գործընկերների, մարզպետների, համայնքապետերի հետ այդ աշխատանքները կազմակերպել»,- ասել է Գնել Սանոսյանը և կարևորել այն հանգամանքը, որ նորանշանակ նախարարը տարածքային կառավարման ոլորտից է, ինչն արդյունավետ աշխատանքի համար չափազանց կարևոր է:

Նա նաև շնորհակալություն է հայտնել ՏԿԵ նախարարության աշխատակազմին իրականացված աշխատանքի համար: «Տարբեր ոլորտներում բազմաթիվ աշխատանքներ են արվել, աշխատանքներ կան ավարտվել են, աշխատանքներ կան ընթացքի մեջ են, նոր պլանավորած աշխատանքներ կան, որոնք համոզված եմ, որ պարոն Խուդաթյանի գլխավորությամբ կշարունակվեն լավագույն կերպով»,- ասել է Գնել Սանոսյանը և պատրաստակամություն հայտնել ոչ միայն կիսվել անհրաժեշտ ինֆորմացիայով, այլև փորձել աջակից լինել ծրագրերի  առաջընթացին:

Դավիթ Խուդաթյանը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր վստահության համար: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնը ստանձնում եմ մեծ պատասխանատվությամբ և գործընկերների հետ համատեղ աշխատանքով պատրաստ ենք լուծել այն խնդիրները, որոնք կդրվեն Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության առաջ: Նաև շնորհակալ եմ պարոն Սանոսյանին համատեղ երկար, արդյունավետ աշխատանքի համար»,- ասել է նորանշանակ նախարարը:

Նշենք, որ 33-ամյա Դավիթ Խուդաթյանը Նիկոլ աշինյանի սանիկն է: Մինչեւ 2018թ.-ը՝ նա աշխատել է տարբեր վարկային կազմակերպություններում, իսկ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո նշանակվել Արմավիրի քաղաքապետի պաշտոնակատար, ապա ընտրվել համայնքի ղեկավար: 2024 թվականի հունվարի 11-ինԿառավարության որոշմամբ նշանակվել էր Արմավիրի մարզպետ։