Նոյեմբերի 20-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում հավաքվել էին Շիրակի մարզի շուրջ 100 երիտասարդ։ Եկել էին ծանոթանալու ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, մասնակցելու համակարգում կանանց ներգրավվածության ուղիներին ու առկա մարտահրավերներին վերաբերող քննարկմանը։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

«Նմանատիպ քննարկումները, կարծում եմ, խթան են, որպեսզի կանայք ավելի ոգևորված և ավելի մոտիվացված մուտք գործեն ուժային կառույցներ, կոնկրետ այս դեպքում՝ Պարեկային ծառայություն»,- նշել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը:

Անդրադառնալով կին ծառայողի նկատմամբ հանրային ընկալման առանձնահատկություններին՝ Պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը խոսել է նրանց ներգրավմամբ ծառայության առանձնահատկությունների և արդյունավետության մասին։ Նա կարևորել է քաղաքացիների հետ շփումներում կին ծառայողների մոտեցումը, հասարակության դրական արձագանքը։

ՆԳՆ հասարակական անվտանգության ապահովման և հանցավորության դեմ պայքարի ոլորտում քաղաքականության մշակման և մոնիթորինգի բաժնի պետ Նատալի Սահակյանը հանդիպման կազմակերպչական աշխատանքներին օժանդակելու համար շնորհակալություն է հայտնել Շիրակի մարզպետի աշխատակազմին։ Նա ներկայացրել է ՆԳ նախարարության հենասյունային ուղղություններում ընթացող բարեփոխումները, նաև կարևորել է ոստիկանությունում կին ծառայողների ավելի մեծ ներգրավվածությանն ուղղված ջանքերը։

Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանի խոսքով՝ «Կանայք այսօր պատրաստ են հաղթահարելու հասարակական կարծիքը և ակտիվ ներգրավվածություն ունենալ մեր երկրի ղեկավարման տարբեր օղակներում, ինչպես նաև ուժային կառույցներում, ինչը շատ ողջունելի է»: Փոխմարզպետն ընդգծել է հասարակության տարբեր օղակների ներգրավմամբ հանդիպումների կարևորությունը, անդրադարձել գործող ծառայողների օրինակով կին ոստիկանի հանդեպ կարծրատիպեր կոտրելու հնարավորություններին։

«Կանանց ներգրավվածությունն ավելի բարդ խնդիր է մարզերում, որովհետև այստեղ մենք բախվում ենք ավանդապահ մտածելակերպի հետ: Եթե համեմատենք տարիներ առաջ և հիմա, բավական առաջընթաց ունենք»,- նշել է Շիրակի մարզպետի խորհրդական Լիլիթ Մուրադյանը:

Խոսելով տարբեր ոլորտներում և պատասխանատու պաշտոններում կանանց ներուժի և առաջնորդական կարողությունների մասին՝ ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանն անդրադարձել է, մասնավորապես, ոստիկանության համակարգում կանանց ներգրավվածության, մասնագիտական առաջընթացի, ընտանիք-աշխատանք հարաբերակցության և հասարակության մոտեցումների վերափոխման հարցերին։

Հանդիպմանը քննարկվել են հասարակության կարծրացած պատկերացումների վերափոխման ուղղությամբ արդի տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման, իրազեկող հոլովակների տարածման, ինչպես նաև տարբեր հանցագործությունների կանխարգելմանն առնչվող հարցեր։

Նմանօրինակ հանդիպումները շարունակական են։